Նախկին ոստիկան Խոսրով Ստեփանյանը մեղադրվում է տնամերձ հողատարածքի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հարեւանին՝ Կարեն Սափրիչյանին, հարվածներ հասցնելու մեջ:

«Ես նրան չեմ հարվածել, ես ձեռքերով պաշտպանվել եմ ընդամենը, որովհետեւ նա ինձ հարվածում էր»,-իր ցուցմունքում Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց նա՝ նշելով, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Խոսրով Ստեփանյանը բացի հարեւանին ձեռքերով եւ ոտքերով հարվածելուց, մեղադրվում է  նաեւ էլեկտրաշոկով նրան  հարվածելու մեջ, սակայն, նա դատարանում պնդեց, որ իր մոտ այդ պահին եղել է էլեկտրաշոկն ու պատահաբար դրա գլխիկը քաշքշուկի ժամանակ կպել է հարեւանին:

Խոսրով Ստեփանյանի հարեւանին՝ Կարեն Սափրիչյանին եւս մեղադրանք է առաջադրվել՝ հարեւանին հարվածելու համար:

Նրանք 2016 թվականի հուլիսի 31-ին միջանձնային անհաշտ փոխհարաբերությունների պարզաբանման շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց ՝ պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ : Նրանց մեղադրանք է առաջադրվել ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ Ծեծը: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: