ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի բազմամիլիարդանոց ռազմական գործարքը կարող էր «ֆեյք» լինել։ Այս մասին գրում է Business Insider-ը՝ վկայակոչելով Բրուքինգի ինստիտուտը։
Ըստ պարբերականի՝ 110 մլրդ դոլարի գործարքը, որի մասին Թրամփի վարչակազմը դեռ մայիսին էր հայտնել, իրականում կարող է «ֆեյքային նորություն» լինել։
Ինստիտուտի ավագ գիտաշխատող Բրյուս Ռիդելը վստահեցնում է, որ Կապիտոլիական բլրի վրա ու պաշտպանական արդյունաբերությունում իր բոլոր զրուցակիցները ասում են, որ այդ գործարքը «մտադրություն կամ հետաքրքրություն հավաստող նամակների կույտ է, բայց ոչ պայմանագրեր»։
Փաստացի, այդ առաջարկներից շատերը , որոնք Պենտագոնն անվանում է «ենթադրյալ վաճառք», պարզապես նշանակում են, որ սաուդցիները ինչ-որ պահի կարող են ցանկանալ գնել այդ զենքը։ Այդ առաջարկներից շատերը դեռ Բարաք Օբամայի կառավարման տարիներին են արվել։
Օրինակ Պենտագոնը 2015-ին առաջարկել է չորս ֆրեգատ վաճառել Սաուդյան Արաբիային՝ 11․25 մլրդ դոլարով, բայց այդ պայմանագրերը առայսօր չեն կնքվել։
Նույնն էլ տեղի է ունենում THAAD ՀՀՊ համակարգերի հետ։ Սաուդցիները վաղուց էին ուզում այդ համակարգերը, ու Օբաման նույնիսկ հաստատել է վաճառքը 2015-ին, բայց որեւէ բան այդպես էլ չի ստորագրվել։
Ռիդելը ենթադրում է, որ սաուդցիները հավանաբար, այս փուլում նույնիսկ չեն կարող իրենց թույլ տալ նման հսկայական գործարք, քանի որ պայքարում են նավթի ցածր գների դեմ, նաեւ Եմենում խրված են պատերազմում։
Փորձագետի խոսքով, գործարքի իսկությունը հասկանալու միջոցներից մեկն այն կլիներ, եթե Իսրայելը սեփական գործաքը ցանկանա, քանի որ իսրայելցիները կցանկանան պահպանել իրենց գերազանցությունը արաբ հարեւանների նկատմամբ։





























