Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմի առաջացման հավանականությունը նվազագույն է: Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նման տեսակետ հայտնեց «Մեդիակենտրոնում» տեղի ունեցած բանավեճի ընթացքում` մեկնաբանելով Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցը:

Այս կապակցությամբ նա հիշեցրեց, որ Ադրբեջանը 22 տարի պատերազմի է պատրաստվում, 5 տարում 20-ից մինչեւ 30 մլրդ դոլար է ծախսել: «Ապրիլյան գործողությունը հրաշալի էր կազմակերպված, բավական բարձր որակով էր ծրագրված` արտասահմանից մասնագետների ներգրավմամբ: Ըստ որում` մարտնչում էին հատուկ նշանակության ջոկատայինները: Իսկ նրանց պատրաստումը չափազանց թանկ արժե, ինչպես օդաչուների պատրաստումը: Դրա հետ մեկտեղ, գործողության արդյունքը բոլորին հայտնի է: Սա պատերազմի սցենար չէ»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Պատերազմը Ստեփանակերտի վրա հրետանային պատրաստություն էր, այնուհետեւ տանկային ուղղակի գրոհ: Տասնյակ հազարավոր զոհեր, սոցիալական կոլապս, Բաքվում հարյուր հազարավոր փախստականներ»,- նշեց քաղաքագետը` հավելելով, որ հայկական կողմի մոտ այդ ժամանակ արդեն «Իսկանդեր» կար:

Նրա խոսքով` ապրիլյան իրադարձություններին նման թեժացումներ անկասկած տեղի կունենան. «Իհարկե, սպառնալիք կա, եւ զինվորականները մշտապես պատրաստվում են: Սակայն լայնամասշտաբ պատերազմի առաջացման հավանականությունը նվազագույն է»: