Վարդենիսի շրջանում այսօր՝ հունիսի 7-ին, մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը։ Գյուղացիները դեմ են համայնքների խոշորացման ծրագրին։ Մասրիկի գյուղապետ Արմեն Ասատրայնը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ճանապարհը փակողները հիմանկանում փախստականներով վերաբնակեցված գյուղերի բնակիչներն են, նրանք պահանջում են, որպեսզի համայնքների խոշորացման դեպքում փախստականներով վերաբնակեցված գյուղերն իրար միանան, իսկ մյուս գյուղերն՝ իրար:
«Էսքան ժամանակ ապրում էինք, սենց բան չէինք տեսել՝ տարանջատում են իրենք իրենց՝ փախստական, տեղաբնիկ: Էսքան ժամանկ իրար աղջիկ ենք տալիս, առնում, տարբերություն չէին դնում, հիմա խոշորացման ծրագրի դեպքում ոտքի են կանգնել: Էս ամեն ինչի հետեւում չգիտեմ՝ ովքեր են կանգանծ, բայց շատ վատ բան են անում»,-ասաց նա:
Կուտական, Կրետուկ, Սոթք, Արեգունի գյուղի բնակիչների խոսքով, իրենք դեմ չեն համայնքների խոշորացման ծրագրին, միայն պահանջում են, որպեսզի խոշորացման դեպքում՝ փախստականներով վերաբնակեցված գյուղերն իրար միացվեն. «Հիմա մի մասը ուզում են Վարդենիսին միացնել, մյուս մասը՝ Մասրիկին: Չեն թողնում մեր ադաթներով ապրենք: Նոր ենք իմացել, որ համայնքն ուզում են խոշորացնել։ Մենք չենք ուզում ոչ մի գյուղի հետ միանալ, մենք փախստական գյուղեր ենք, հազիվ իրար հասկանում ենք»,-ասացին նրանք:
Գյուղացիների մի քանի ժամ ճանապարհը փակելուց հետո, բացել են այն:
«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով նախատեսվում է 118 համայնք միավորել 15-ի մեջ։





























