Հինգ տարվա մասին չենք կարող խոսել, մենք խոսում ենք այս կառավարության մասին: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն կողմ է, որ Կարեն Կարապետյանը առաջիկա 5 տարիներին վարչապետ լինի:

Ըստ նրա` դեռ շատ վաղ է 2018 թվականին Հայաստանի վարչապետի թեկնածուի մասին խոսելը, այժմ խոսքն այս կառավարության մասին է, որի վարչապետը Կարեն Կարապետյանն է լինելու, իսկ թե ինչ կլինի 2018-ին կամ 5 տարի հետո, դեռ հայտնի չէ:

Հարցին` կառավարության գործունեության արդյունքները գոհացուցի՞չ են, Ռուստամյանը պատասխանեց. «Կառավարությունը հաշվետվություն պետք է ներկայացնի, անընդհատ այդ մասին խոսվում է: Ես կառավարության փոխարեն հիմա չեմ պատրաստվում հաշվետվություն տալ` ինչ է արել կառավարությունը, բայց բավականին լուրջ քայլեր կատարվել են: Դրանք շատ են, 1-2 բան չի, ոտքի վրա 3 րոպեում այդ հաշվետվությունը ամփոփ ներկայացնելը իմ պարտականությունը չէ»:

Ինչ վերաբերում է նրան, թե ով կլինի վարչապետը 2018-ից հետո, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Կգա 2018 թիվը, կտեսնենք, ես ձեզ նման 15 տարի հեռուն չեմ կարողանում տեսնել: Այս աշխարհում ամիսն էլ է բավականին լուրջ ժամկետ: Մենք վաղվա եղանակի պրոգնոզը չենք կարողանում նորմալ տալ, դուք ուզում եք 5 տարվա պրոգնոզ տա՞մ»: