Կոռուպցիայի դեմ պայքարում իշխանություններն ունեն քաղաքական կամք: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը:

«Կոռուպցիայի դեմ պայքարում չկա իշխանություն եւ ընդդիմություն: Այդ պայքարում երկու ձեւ կա՝ քաղաքական կամք եւ օրենսդրական նախաձեռնություն: Իշխանությունը, կարծում եմ, ունի քաղաքական կամք: Բավարա՞ր է, թե՞ ոչ. վիճելի հարց է, բայց իշխանություններն ունեն քաղաքական կամք: Դա դրսեւորվել է ոչ միայն խոսքով, այլեւ գործով, ապացույցը մեր օրենսդրական նախաձեռնություններն են»,- ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով ընդդիմության առաջարկին, թե այդ հանձնաժողովի ղեկավար պետք է լինեն իրենք, ԱԺ փոխնախագահը հիշեցրեց միջազգային փորձը, որ այս հարցում չկա իշխանություն- ընդդիմություն, սակայն խոստացավ փորձել ուղիներ փնտրել ընդդիմության ներկայացուցիչներին ընդգրկելու համար:

Նշենք, որ Ագզային ժողովում այսօր՝ հունիսի 7-ին, քննարկվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրինագիծը: