ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը հունիսի 7-ին Ավստրիայից ժամանած՝ «Ագրոմարկետ Ավստրիա» գործակալության միջազգային համագործակցության ծրագրի ղեկավար Ռուդոլֆ Մոզերի հետ քննարկել է մեր հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման, նույնականացման եւ հաշվառման համակարգի ներդրմանն առնչվող հարցեր:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կառույցն սկսել է նախապատրաստական աշխատանքներն այդ ուղղությամբ եւ բանակցություններ է վարում առաջիկայում ծրագիրը մեկնարկելու համար. հստակեցվել է անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը, կազմվել է միջոցառումների ժամանակացույց:

ՍԱՊԾ ղեկավարը կարեւորել է ավստրիական փորձն այս խոշոր ծրագիրը հաջողությամբ իրագործելու հարցում՝ այդ թվում եւ՝ դրա համար անհրաժեշտ էլեկտրոնային-տեղեկատվական համակարգերի ստեղծման ու վարման, ինչպես նաեւ պատասխանատու օղակների մասնագիտական կարողությունների զարգացման առումով:

Ռուդոլֆ Մոզերը ներկայացրել է, թե ինչպես է գործընթացն իրականացվում  Եվրամիության երկրներում՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել նաեւ մեր երկրի համար ընդունելի մոտեցումների տեղայնացմանը: ՍԱՊԾ պետը մատնանշել է մեր երկրին բնորոշ այն բոլոր առանձնահատկություններն ու խնդիրները, որոնք պետք է հաշվի առնել ծրագիրն սկսելուց առաջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ կենդանիների համարակալման, նույնականացման եւ հաշվառման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին, իրազեկմանը, տեխնիկական վերազինմանն ու մասնագետների վերապատրաստմանն առնչվող հարցեր: Հունիսի 8-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ոլորտային մասնագետների հետ ավստրիացի փորձագետը կանցկացնի աշխատանքային քննարկում:

Զրուցակիցները, փաստելով, որ կենդանիների համարակալման գործընթացը մտնում է գործնական փուլ, այն շատ կարեւոր նախապայման են համարել ոչ միայն  անասնահամաճարակային կայուն եւ վերահսկելի իրավիճակ ունենալու, այլ նաեւ՝ սպառողներին կենդանական ծագման անվտանգ սննդամթերքով ապահովելու, ինչպես նաեւ արտահանումը խթանելու համար: