Համայնքների խոշորացման ծրագրով հարված է հասցվում Հայաստանին, սա լուրջ քաղաքական սխալ է: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի եւ հարակից օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշել է«Ծառուկյան» խմբակցության պատգմավոր Արարատ Զուրաբյանը՝ հավելելով, որ 21 տարի առաջ կայացված ՏԻՄ համակարգը ամբողջությամբ վերափոխվում է, քայքայման ու վերաձուլման է ենթարկվում:
«Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ պետք է պատկերացնի ինքնուրույնություն բառի իմաստը՝ ինքնություն, ինքնորոշում, ինքնակառավարում, դրանք բառեր են, որ ունեն նշանակություն»:
Նա դիմելով օրինագիծը ներկայացնող Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին, ասաց. «Ավելի լավ չի՞ լինի զարգացնելով այս թեզը, նույն տրամաբանությամբ միացնել նաեւ Չարենցավան ու Հրազդան քաղաքները եւ ասենք, որ ավելի արդյունավետ կառավարվեն: Ինչ իմաստ ունի երկու տարբեր քաղաքներ լինեն, եթե երկուսն էլ շատ վատ են գոյատեւում»:
Նրա խոսքով, մենք կայացրեցինք տարածքային ինքնակառավարումը, բայց չկայացրեցինք ռեգիոնալ ինքնակառավարումը: «Մեզ մոտ կար որոշակի համակարգ, խորհրդային համակարգ, եւ շատ ավելի արդյունավետ կլինի, եթե ընդհանրապես վերացվեն պետական կառավարման անհիմն մարմինները՝ մարզպետարանները, վերականգնվեն շրջանները, դրանք ստանան ռեգիոնալ ինքնակառավարման մարմնի կարգավիճակ:
Ըստ Զուրաբյանի, ընդամենը մեկ հարցով են հեղինակները շահելու արտագաղթի պայմաններում. «Զեկուցողները կասեն, որ եթե որեւէ բնակավայրում 50 հոգի է մնացել, կասեն կա 7000 մարդ, որովհետեւ 10 եւ ավելի գյուղեր միացել են իրար: Սա նպատակ չի կարող համարվել»:
Արարատ Զուրաբյանը նշեց, թե նույն տրամաբանությամբ ծիրանը համեղ միրգ է, դեղձը՝ նույնպես, բայց ավելի լավ է միացվեն, որովհետեւ մուլտիվիտամինն ավելի համեղ է:
Նրա կարծիքով՝ կառավարությունը գնացել է այն ճանապարհով, որ ոչինչ չի փոխվելու ո՛չ սուբսիդիաների, ո՛չ դոտացիաների, ո՛չ հավաքագրվող հարկերի առումով. «Մի քանի աշխատատեղ է կրճատվելու, ֆինանսական առումով ինչ-որ դրական քայլ կատարվելու է, բայց աղճատվելու է այն, ինչը պետք է ունենա ինքնուրույնություն։ Չի կարելի աղճատել այդ գյուղերը, դրանք ունեն պատմություն, անցած ճանապարհ, ավանդույթ։ Եթե նրանք ցանկանում են միավորվել, ապա կարող են գալ՝ դիմել կառավարությանը կամ ԱԺ-ին, այդ ժամանակ կարող ենք նստել՝ քննարկել։ Բայց կառավարությունը խախտում է մարդու իրավունքները։ ՏԻՄ ղեկավարն ինչ-որ մի ժամկետով է ընտրվել ու հիմա նրան ասում ենք՝ քո լիազորությունները դադարեցվում են. ի՞նչ սկզբունքով են դադարեցվում, ո՞ր օրենքի համաձայն»։





























