Ամերիկահայերի հետ հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպը ԱԺ ՀՅԴ  խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը որակում է որպես ուղղորդված:

«Մարդիկ եկել էին սկանդալ սարքելու»,-ԱԺ-ում, այսօր՝ հունիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ռուստամյանը:

Նշենք, որ այդ հանդիպման մասնակիցներից մեկը հարց էր ուղղել Ռուստամյանին՝ կապված Ժիրայր Սեֆիլյանի եւ «Սասնա ծռերի» քաղբանտարկյալ լինելու վերաբերյալ, իսկ վերջում պատասխանից դժգոհ հենց Ռուստամյանի հայտնի բառերն օգտագործելով՝ բղավել. «Ղալաթ ես արել, չաթլախ»:

Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ ամերիկահայերի հանդիպման ընթացքում պատասխանել է տասնյակ կարևոր հարցերի, այդ թվում՝ սուր հարցերի, բայց եղել են մարդիկ, ովքեր հատուկ եկել էին սկանդալ սարքելու: «Իմ հայրենակիցների հետ ես միշտ ինձ զուսպ եմ դրսևորում, կրքերը բորբոքելով, գոռգոռալ-ճվճվալով՝ որևէ բանի չես հասնի»,-ասաց նա՝ հավելելով, որ չի էլ լսել, թե ինչ են բղավում:

Ռուստամյանը նշեց, որ նախկինում էլ եղել են միջադեպեր, երբ ինչ-որ մարդիկ փորձել են խափանել տարբեր հանդիպումներ, դժգոհություններ լինում են, սակայն այդպիսի ծայրահեղ դրսևորումները «արդարացված չեն»:

«Այդքան հիասթափված իշխանությունից, այդքան ռադիկալ լինել պետք չէ: Իհարկե, կա բնական դժգոհություն, որ մենք ինքներս էլ ընդունում ենք, իմ այցի իմաստն էլ այդ էր, որ այս նոր իրավիճակը ներկայացվի: Մեր այդ տեղի հայկական համայնքը կապված է Հայաստանի հետ և ուղղակի առնչված է բոլոր իրադարձությունների մասով: Այստեղ տեղի ունեցող դեպքերից մի երկու րոպե հետո նրանք տեղյակ են լինում և կարելի է ասել՝ այնտեղ մի փոքր Հայաստան է. իմ հիմնական նպատակն այն է, որ այդ համայնքի հետ բաց խոսելով՝ բոլոր մեր տեսակետներն ու մոտեցումները ներկայացնենք, իսկ մի խումբ էլ եկել էր, որպեսզի ձախողեր, բայց չհաջողվեց»,- ասաց նա: