Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում մայիսի 31-ին նախկին փեսայի կողմից դանակահարված տղամարդն արդեն ապաքինվում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը: Նա նշեց, որ 59-ամյա Ալբերտ Ջահավիրյանը հնարավոր է՝ վաղը հիվանդասենյակ տեղափոխվի:
Տղամարդուն միացված արհեստական շնչառության ապարատն արդեն անջատվել է, նա գիտակցության է եկել:
Նշենք, որ դանակի հարվածից վնասվել էր 59-ամյա Ալբերտ Ջ.-ի թոքը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում նախկին փեսան դանակահարել է աներոջը՝ երեխայի տեսակցության շուրջ ծագած վիճաբանության ժամանակ: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Դանակահարության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է:





























