«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողովից ակնկալիքներ չունի, քանի դեռ մեր երկրում չի լուծվել ապօրինի հարստացման դեմ պայքարի խնդիրը։ NEWS.am–ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ չի կարող այդ հանձնաժողովը  արդյունավետ պայքար մղել, քանի դեռ մեր երկրում  պաշտոնյաները կեղծ հայտարարագրերով ներկայանում են որպես բոմժ, իսկ ապրելակերպով Բիլ Գեյթսին գերազանցում են։

«Մեծ ակնկալիքներ ունենալ կոռուպցիայի հանձնաժողովից, բացարձակապես  իմաստ չունի, քանի դեռ մեր երկրում լուծված չէ ապօրինի հարստացման խնդիրը, եւ պաշտոնը դիտվում է ուղիղ տրամպլին դեպի ապօրինի հարստացման, քանի դեռ մեր երկրում կեղծ հայտարարագրեր են ներկայացնում։ Քանի դեռ հայտարարագրերով նայում ես պաշտոնյան բոմժ է, իսկ ապրելակերպով Բիլ Գեյթսը գլուխը պատին է տվել»,–ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Չնայած հանձնաժողովից ակնկալիքներ չունենալուն՝ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ է քվերակել «կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի» օրինագծին։

«Մենք պայքարեցինք, որ գոնե ընդդիմությունը հանձնաժողովում մեկ անդամ նշանակելու իրավասություն ունենա, բայց որեւէ մեկը թող չմտածի, որ հանձնաժողովը գալու է ու կոռուպցիան վերանում է։ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը 2012 թվականից գործում է, այս տարիների ընթացքում առնվազն երկու խնդիր՝ շահերի բախումն ու կեղծ հայտարարագրերի խնդիրը, կարող էին լուծեր, չգիտեի՞ն, որ կեղծ հայտարարգրեր են ներկայացնում բարձրաստիճան պաշտոնյաները, իհարկե, գիտեին, բայց հինգ տարվա մեջ տեսե՞լ եք, որ մեկ անգամ որեւէ անձի վերաբերյալ մտահոգություն, տեսակետ հայտնեն, իհարկե, ոչ»։

Պատգամավորի խոսքով՝ կողմ քվեարկելով՝ փորձել են լուծել այն  խնդիրը, որ  պաշտոնյաները հասկանան, որ նախարարական ու պատգամավորական աթոռը  զարտուղի ճանապարհներով հարստանալու միջոց չեն։

«Երբ որ լրացուցիչ գործիք են փորձում տալ կոռուպցիայի դեմ պայքարում, ասես քանի որ ոչ մի բան չի փոխվելու ու դեմ քվեարկես, իհարկե ոչ, դա ճիշտ չէ, մենք պիտի լուծենք ապօրինի հարստացման խնդիրը, որ մարդը չմտածի՝ խորհրդարանը, նախարարական աթոռը զարտուղի ճանապարհով հարստանալու միջոց է»։