ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 9-ին, ցավակցական հեռագիր է հղել Սարինյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, անվանի գրականագետ Սերգեյ Սարինյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության նախագահը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված մտավորականի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին եւ գործընկերներին:

«Վաստակաշատ գիտնականն իր ողջ գործունեությունը նվիրեց հայ դասական եւ ժամանակակից գրականության, գրականագիտության մեթոդաբանության եւ տեսության ուսումնասիրությանը: Նա մեծ ավանդ ներդրեց նաեւ հայ գրականության գիտական հրատարակման եւ հանրահռչակման հայրենանվեր գործում:

Նշանակալի է Սերգեյ Սարինյանի վաստակը մանկավարժության՝ բանասերների նոր սերնդի կրթման եւ դաստիարակման ասպարեզում: Նա արժանիորեն վաստակեց իր գործընկերների եւ ուսանողների հարգանքն ու համակրանքը»,-ասված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում: