Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հաստատում է, որ հունիսի 8-ին մահվան ելքով տեղի ունեցած վրաերթի հեղինակը իր անչափահաս որդին է:

NEWS.am-ի հետ զրույցում քաղաքապետը նշեց, որ վրաերթի պատճառները պարզ կդառնան փորձաքննությամբ միայն:

«Այո, իմ տղան է եղել, ինքն առաջին օրվանից էլ ընդունել է: Իմ երեխան է տուժողին ճանապարհ դրել հիվանդանոց, առաջին օգնությունն ինքն է ցուցաբերել, որից հետո ուղեկցել է հիվանդանոց: Ինձ հետ միասին հիվանդանոցում է եղել»,- ասաց Արամ Դանիելյանը:

Նա հերքեց ոստիկանության տվյալները, թե սկզբում 32-ամյա տղամարդ է ներկայացել եւ հայտնել, որ վրաերթի հեղինակն ինքն է եղել. «Այդպիսի բան չի եղել, երեխան հիվանդանոցում է եղել տուժողի հետ: Դժբախտություն է տեղի ունեցել»:

Այլ հարցերի Հրազդանի քաղաքապետը հրաժարվեց պատասխանել եւ անջատեց հեռախոսը:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ հունիսի 8-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1959 թ. ծնված Վալերի Թորոսյանը, որը  գիտակցության չգալով՝ մահացել է:

«Մեկնել է օպերատիվ խումբ, որտեղ դեպքի վայր է ներկայացել 32-ամյա տղամարդ և ըստ իր խոսքերի, նույն օրը, ժամը 12.20-ի սահմաններում, իր կողմից վարած «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Քաղսի գյուղից Հրազդան տանող ճանապարհին` Շահումյան փողոցում, նախկին «Կաթի գործարան»-ի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Վ. Թորոսյանին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություն է ստացվել, որ Վ. Թորոսյանին վրաերթի ենթարկելու ժամանակ ղեկին եղել է ոչ թե ոստիկաններին ներկայացած 32-ամյա տղամարդը, այլ 17-ամյա երիտասարդ:

Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ երիտասարդը նույն օրը, ժամը 21-ին, ներկայացել է Կոտայքի մարզային քննչական վարչություն, տվել խոստովանական ցուցմունք, որ ինքն է Վ. Թորոսյանին վրաերթի ենթարկել և դեպքից հետո ինքնազգացողությունը վատանալու պատճառով դիմել է բուժօգնության:

Կատարվում է քննություն»:

Նշենք, որ 17-ամյա երիտասարդը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին է՝ 17-ամյա Ռազմիկ Արամի Դանիելյանը։ Նա ոստիկանություն է ներկայացել հոր հետ: