Գերմանիան ու Ֆրանսիան հուլիսի 13-ի՝ երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման նախօրեին աշխատում են ԵՄ պաշտպանական հիմնադրամի համար կոնկրետ առաջարկների ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, հաղորդում է Reuters-ը։

«Գերմանիան ու Ֆրանսիան ցանկանում են դառնալ եվրոպական պաշտպանական միության շարժիչները եւ խելամտորեն իրացնել պաշտպանության հիմնադրամը»,-ասել է ֆոն դեր Լեյենը։ «Brexit-ի հանրաքվեն եւ ԱՄՆ-ում ընտրությունները բացեցին մեր աչքերը։ Եվրոպացիներն իրենք պետք է ստանձնեն իրենց անվտանգության պատասխանատվությունը», - նշել է նա։

Նրա խոսքով՝ երկու երկրների ֆինանսների նախարարները աշխատում են մեխանիզմներ ստեղծելու շուրջ, իսկ պաշտպանության նախարարներն աշխատում են Եվրոպական պաշտպանական միության շրջանակում տարբեր նախագծեր շուրջ կողմնորոշվելու ուղղությամբ։ Նա նշել է, որ սպաների համար Եվրոպայում ուսուցումը եւս կվճարի հիմնադրամը։