Երկրում ֆորսմաժորային իրավիճակ ստեղծելը ցանկացած ընդդիմադիր քաղաքական ուժի ցանկությունն է, իսկ թե որքանով կհաջողվի այդ քաղաքական ուժին այն անել կախված է այդ ուժի հանդեպ հանրության վստահությոնից։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանի օրերս արած այն հայտարարությանը, որ խորհրդարանից դուրս էլ կարող են զարգացումներ ձևավորվել, որոնք կարող են բերել ֆորսմաժորային իրավիճակի։ Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ իրենց դաշինքը շարունակելու է մնալ քաղաքականության մեջ եւ փորձելու է համախմբել արտախորհրդարանական ուժերին։
«Ցանկացած արտախորհրդարանական ընդդիմություն ձգտելու է համախմբել մնացած քաղաքական ուժերին եւ ինչու չէ համագործակցել պառլամենտական ընդդիմության հետ, դա նոր բան չի մեր անկախ պատմության մեջ։ Միշտ էլ այդ գործընթացը եղել է, հետեւաբար Սեյրան Օհանյանի ասածի արդյունավետությունը գնահատելու համար պետք է նայել մեր պատմությանը՝ եղե՞լ են դրանք արդյոք արդյունավետ նման հայտարարություններ անող քաղաքական ուժի համար։ Ֆորմսմաժոր տերմինը ցանկացած ընդդիմադիր ուժի ցանկությունն է՝ ստեղծել այնպիսի իրավիճակ, քաղաքական ճգնաժամ, որի արդյունքում հնարավոր է՝ իրենց համար որեւէ ճանապարհ բացվի»,–ասաց պատգամավորը։
Հարցին՝ ՕՐՕ դաշինքի ձեւավորելիք արտախորհրդարանական ուժը կարո՞ղ է սպառնալիք լինել այս իշխանության համար, Նիկոյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ։ Ցանկացած քաղաքական ուժի ազդեցությունը հանրության վրա եւ նրա կոչին հետեւելը պայմանավորված է նրանով, թե ինչ հեղինակություն ունի այդ ուժը հանրության մոտ։ Հանրությունը կարող է ասել՝ ինչպես էր մտածում այդ քաղաքական գործիչը կամ ուժը 10 տարի առաջ, 8, 5 ամիս առաջ։ Հանրությունն այդ ամենը կնայի եւ կորոշի՝ հավատա դրան, թե ոչ»։
Հարցին՝ Սեյրան Օհանյանի՞ն նկատի ունի, որն իշխանության դեմ պայքար սկսեց պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց չորս ամիս անց, Նիկոյանը պատասխանեց. «Հանրությանը հարցրեք՝ ինչու չվստահեցին ընտրության ժամանակ այդ ուժին եւ այդքան ցածր ձայն հավաքեց»։
Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարարի այն հայտարարությանը, որ իր գլխավորած դաշինքը չկարողացավ դիմակայել ընտրակեղծարարներին, ՀՀԿ ներկայացուցիչն ասաց. «Կարծում եմ, որ Սեյրան Օհանյանը այդ առումով ճիշտ չի, որովհետեւ առաջին անգամ ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ Սեյրան Օհանյանը իշխանական համակարգում էր, այս ընտրությունները բոլորից տարբերվեցին այն առումով, որ յուրաքանչյուր ընտրող ազատ էր ընտրատեղամասում գաղտնի քվեարկելու հարցում եւ նրա ձայնը արդարացիորեն հաշվել են, սա շահեկանորեն տարբերվում է մնացած բոլոր ընտրություններից։ Այդ դատողություններն հանրային հենք չունեն, ինչը հանրությունը ընդունեց քվեարկության արդյունքներով»։





























