«Մեր ապագան Եվրոպայում է, սակայն մենք անհանգստացած ենք քրիստոնեական արժեքների կորստով»,- այս մասին մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը իտալական Il Giornale-ին տված հարցազրույցում: Պարբերականը նշում է, որ 50-ամյա տնտեսագետը վճռական է տրամադրված՝ Կովկասում ադրբեջանցիների դեմ նոր պատերազմի մեջ չներգրավելու ուղղությամբ, քանի որ «հաղթողներ չեն լինելու»: NEWS.am-ը ներկայացնում է Հայաստանի վարչապետի հարցազրույցը իտալական պարբերականին.

Հայաստանը նայո՞ւմ է Եվրոպա:

Մենք բարեփոխումների ճանապարհ ենք անցնում՝ որպեսզի Եվրոպական Միության հետ ազատ առեւտրի համաձայնագրի հասնենք: Դա կտեւի առնվազն 10 տարի, բայց ես հաճախ եմ մտածում, թե ինչպիսին կլինի մեզ սպասող Եվրոպան:

Ի՞նչ նկատի ունեք:

Եվրոպայում մենք տեսնում ենք ինքնության եւ արժեքների խորը ճգնաժամ: ԵՄ-ում ավելի շատ խմբեր են հայտնվում, որոնք տարբերվող արժեքներ ունեն քրիստոնեական Եվրոպայի դասական արժեքներից, որոնց մենք հավատում ենք: Իմ մտքերը կապված են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ներգաղթի քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումների եւ ձախողման հետ:

Դուք անհանգստացա՞ծ եք քրիստոնեական արժեքների կորստով:

Այո, մենք անհանգստանում ենք այն փոփոխություններից, որ վերապրում է Եվրոպան: Հայաստանի համար քրիստոնեական արժեքները կարեւոր նշանակություն ունեն, քանի որ մեր պատմությունը ձեւավորվել է այդ սկզբունքների հիման վրա: Եվրոպան որպես քաղաքակրթություն հիմնված է քրիստոնեական արժեքների վրա եւ մենք՝ հայերս, շատ ենք տառապել, որպեսզի չհրաժարվենք դրանցից:

Դա նշանակում է, թե չե՞ք ցանկանում, որ իսլամական Թուրքիան, որը նախկինում ոչնչացրել է հայ քրիստոնյաներին, մտնի Եվրոպայի մեջ:

Ոչ, հակառակը, մենք ուրախ ենք Թուրքիայի ԵՄ ձգտմամբ: Այդ նպատակին հասնելու համար Թուրքիան պետք է ԵՄ չափորոշիչներին համապատասխանելու խորը բարեփոխումներ իրականացնի: Դա պատմական հնարավորություն է:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք դեկտեմբերին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից:

Բանակցային գործընթացում հաջողության հասնելու համար բոլորը պետք է հասկանան, որ հակամարտությունն ունի միայն մեկ ընդունելի լուծում` Խաղաղ լուծում:

Չե՞ք վախենում իրական ռիսկից, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել:

Քաղաքական առաջնորդների ռազմատենչ հայտարարությունները լարված մթնոլորտ են ստեղծում, ինչը մեծացնում է բռնության բռնկման  հնարավորությունը, բայց պատերազմը որեւէ հեռանկար չունի:

Հայերի ու ադրբեջանցիների միջեւ պատերազմը թե խաղաղությունը մեծապես կախված է Կովկասում ընթացող էներգետիկ խաղի՞ց:

Իր էներգետիկ ռեսուրսների շնորհիվ Ադրբեջանը իրեն թույլ է տալիս կտրուկ ավելացնել ռազմական ծախսերը: Նրանք գնալով ավելի վստահ են զգում զենքի ուժով հաղթանակի հասնելու հարցում: Դա ամենաբացասական սցենարն է, բայց կա նաեւ այլ սցենար: Էներգետիկ ուղիները կարող են անցնել Հայաստանով, կրճատելով գործող նախագծերի ծախսերը եւ ստեղծելով խաղաղության պահպանման համընդհանուր շահագրգռվածություն: