Շատ լավ է, որ վերջապես ընդդիմադիր գործընկերները փողոցային բամբասանքներից վեր կանգնեցին եւ տեղափոխվեցին իրավական դաշտ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների դաշինքի՝ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելուն։ Նշենք, որ դաշինքը հունիսի 9–ին դիմել է ՍԴ Վանաձորի ավագանու նիստերն անվավեր ճանաչելու պահանջով։

«Ես արդեն ավագանու նիստերը գումարելուց առաջ հիմնավորումները ներկայացրել եմ կապված օրենսդրության հետ։ Իրենք ինչ ասում են՝ բոլորը գրեթե սուտ է, ութ ամիս լսում ենք, ես արդեն սովորական եմ վերաբերում դրան, մի օր էլ ուրիշ բան կասեն»,–ասել է Մամիկոն Ասլանյանը։

Վանաձորի քաղաքապետը նշել է, թե չեն համարձակվի իրեն «ոչ լեգիտիմ» քաղաքապետի որակում տալ։

«Իրենք չեն համարձակվի նման որակում տալ, իմ լեգիտիմությունը ոչեւէ կերպ չի քննվում, քննարկվում, նույնիսկ իրենց հայցերի մեջ իմ լեգիտիմության մասին խոսք չկա, նրանք վիճարկում են ավագանու նիստերը։ Ես օրենքի իրացման տեսակետից ճիշտ եմ, մնացածի մեկնբաբանությունը կտա Սահմանադրական դատարանը»

Նշենք, որ դաշինքը հոկտեմբերի 2–ի ընտրություններից հետո բոյկոտել է ավագանու նիստերը՝ Մամիկոն Ասլանյանին համարելով ոչ լեգիտիմ քաղաքապետ։ Քաղաքապետը նիստերը հրավիրում է միայն ՀՀԿ խմբակցության մասնակցությամբ։