Հունիսի 15-18-ը Հանքավանի առողջարանում անցկացված «Բազե Կոտայք 2017» մարզային երիտասարդական  հավաքին  Բյուրեղավան համայնքը ներկայացել է քառօրյա պատերազմի բյուրեղավանցի մասնակցների  կազմով: Այս մասին NEWS.am-ին  պատմեց Բյուրեղավանի մարզամաշակութային կենտրոնի տնօրեն Նվարդ Ալավերդյանը.

«Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի  առաջարկությամբ այս տարի մեր թիմը կազմված է եղել Ապրիլյան պատերազմին մասնակցած  բյուրեղավանցի տղաներից: Նրանք ժամկետային զինծառայողներ էին, ովքեր արդեն ավարտել են իրենց ծառայությունը: Ըստ կանոնակարգի, թիմը կազմված պիտի լիներ 7 հոգուց, որոնցից երեքը աղջիկներ պիտի լինեն Նրանք մարզուհիներ են, ովքեր գրանցել են հաջողություններ: Մեր մյուս չորս մասնակիցները ապրիլյան պատերազմի հերոսներ են: Նրանց հրավիրեցինք եւ մեծ պատրաստակամությամբ եկան ու մասնակցեցին: Ի դեպ, տղաներից երկուսը Հայաստանի ճարտարապետական համալսարանի ուսանողներ են, մեկը` Թերլեմեզյան ուսումնարանի»,-պատմեց Նվարդ Ալավերդյանը:

Ի դեպ, Ճամբարային օրերի ընթացքում մարզի տարբեր համայնքները ներկայացնող 18-30 տարեկան երիտասարդները միասին  անցկացրեցին  մարզական, մշակութային եւ այլ մրցություններով լի, ինչպես նաեւ հետաքրքիր հանդիպումներով եւ ծանոթություններով հարուստ օրեր: