Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հունիսի 19-ին, փորձել են խուզարկել փաստաբան Լուսինե Սահակյանին:

Դատարանում այսօր պետք է տեղի ունենար «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ապօրինի զենք պահելու համար 1 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Միքայելյանի գործով դատական նիստը: Նիստից առաջ Վերաքննիչի դատական կարգադրիչները փորձել են խուզարկել Միքայելյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանին: Փաստաբանը թույլ չի տվել, ինչից հետո կարգադրիչները հայտարարել են, որ չեն մտնելու նիստերի դահլիճ: Դատարանը ստիպված հետաձգել է դատական նիստը, քանի որ Արմեն Միքայելյանը նույնպես հրաժարվել է առանց պաշտպանների մասնակցել նիստին:

NEWS.am-ի հետ զրույցում կատարվածի վերաբերյալ Լուսինե Սահակյանը նշեց. «Կարգադրիչներն առաջարկում էին բացել պայուսակը, որ կարողանան, ըստ իրենց, զննություն կատարել, բայց հասկանալի է, որ եթե ես բացում եմ պայուսակն ու իրենք նայում են, դա խուզարկություն է, ոչ թե զննություն: Ես, իհարկե, հրաժարվել եմ: Կարծում եմ՝ սա կոպիտ ոտնահարում է իրավունքների ոչ միայն իմ՝ որպես անձի, այլեւ մեր պաշտպանյալի պաշտպանության իրավունքի խախտում է, որովհետեւ մենք նույնիսկ չկարողացանք մուտք գործել դատարան: Հնարավոր է, որ մենք շտապ միջնորդություն ունենայինք կատարելու»:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով դատական կարգադրիչները սկսել են խուզարկել փաստաբաններին:

«Սա պայմանավորված է եւ քաղաքական գործերով, եւ Փաստաբանների պալատի թուլացմամբ, որովհետեւ նախկինում էլ եղել են քաղաքական դատավարություններ, բայց փաստաբաններին որեւէ մեկն իրավունք չի վերապահել խուզարկել»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Միքայելյանը ձերբակալվել էր 2016թ. հուլիսի 27-ին, երբ Երեւանի Խորենացի փողոցում ցույցից հետո ընտանիքով վերադառնալիս էր եղել տուն: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածով (ապօրինի զենք, զինամթերք պահել):

20 օր անազատության մեջ մնալուց հետո Արմեն Միքայելյանն ազատ էր արձակվել: Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 1 տարվա ազատազրկման է դատապարտել Միքայելյանին՝ որոշում կայացնելով կալանքի տակ վերցնել հենց նիստերի դահլիճից: