Կառավարության 2017-2022 ծրագիրը զգուշավոր է, ոչ թե հավակնոտ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով այսօր՝ հունիսի 19-ին, կառավարության նիստում հավանության արժանացած ծրագրի դրույթներին:

«Առնվազն տնտեսական աճի երկնիշ թիվ է անհրաժեշտ, շարունակաբար, ոչ թե 5 տոկոս աճ: 5 տոկոս աճի կանխատեսումը առաջիկա հինգ տարվա համար, դա զգուշավորություն է»,-ասել է տնտեսագետը:

Նշենք, որ ծրագրում առաջիկա հինգ տարվա համար նախատեսված է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 25 տոկոսով, մինչդեռ 2017 թվականի բյուջեով աշխատավարձի եւ թոշակի բարձրացում նախատեսված չէ: «Նվազագույն աշխատավարձը 25 տոկոսով բարձրացնելը մի մեծ թիվ չի, էն էլ հինգ տարվա պարագայում, այսինքն՝ 5 տարի շարունակաբար այդ ռեզերվների հավաքումը, կուտակումը նվազագույն աշխատավարձի այդ մակարդակի բարձրացում կարող է ապահովել: Միայն այդքանով եւ ոչ ավելի: Այս պարագայում ամբողջ տնտեսության զարգացման համար չափազանց փոքր է, եթե աշխատատեղերի հարց կա, եթե օպտիմալացմամբ պայմանավորված գործազրկության մակարդակի հարց կա եւ այլն: Հատկապես սոցիալական ոլորտի ցուցանիշների պարագայում սա փոքր բան է»,-ասել է տնտեսագետ պատգամավորը:

Վարդան Բոստանջյանի գնահատմամբ՝ կառավարության 2017-2022 թվականի ծրագիրը զգուշավոր է, ոչ թե հավակնոտ, ինչի մասին հայտարարում էին ՀՅԴ եւ ՀՀԿ ներկայացուցիչները: «Ծրագիրը էս պահի դրությամբ մակերեսային եմ նայել, դեռ չեմ հասցրել ամբողջությամբ ուսումնասիրել, վերլուծել, բայց այն տպավորությունն է, որ սա զգուշավոր է, ինչպիսին եղել է միշտ, ոչ թե հավակնոտ է, ինչի մասին հայտարարում էին»,-ասել է Վարդան Բոստանջյանը:

Նշենք, որ կառավարության ծրագիրը ԱԺ արտահերթ նիստում քննարկման կդրվի հունիսի 21-ին: