Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանը եւ Մնացական Պարակշիեւը  դեռ հստակ  որոշում չունեն՝  ավագանի՞ն լքեն, թե՞ խմբակցությունը եւ շարունակեն աշխատել որպես ավագանու անկախ անդամներ։ NEWS.am–ի հետ զրույցում Հայկ Պետրոսյանն ասաց՝ ուրբաթ օրը դրա մասին կհայտարարեն։

«Մեր որոշման եւ ապագա գործունեության մասին կհայտարարենք  ուրբաթ օրը։ Քանի որ մենք կարող ենք մեր գործունեությունը շարունակել  նաեւ  որպես ավագանու անկախ անդամներ, մենք կքննարկենք ու կորոշենք՝ շարունակելու ենք, թե ոչ  եւ ինչ ձեււաչափով։ Այս պահի դրությամբ չկա վերջնական որոշում։ Մենք նաեւ հնարավարոթյուն ենք տալու «Երկիր ծիրանիին», որ իրենց որոշումը փոխեն»,–ասել է Հայկ Պետրոսյանը։

 Նշենք, որ կուսակցությունը անվստահություն է հայտնել  նրանց եւ առաջարկել հրաժարվել ավագանու մանդատից։ Անվստահության հիմք է ընդունվել Հայկ Պետրոսյանի եւ Մնացական Պարակշիեւի կողմից կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին եւ սկզբունքներին դավաճանելը, ինչպես նաեւ երեւանցու գերակա շահը անձնական շահերին ստորադասելու փաստը:

Այս որոշումից  հետո Հայկ Պետորսյանը եւ Մնացական Պարակշիեւը հանդես եկան  հայտարարությամբ, թե  կողմնակից են Երեւանի ծրագիրը իրագործել սառը դատողությամբ եւ ոչ թե էմոցիոնալ երանգներ հաղորդելով գործընթացներին, ինչպես նաեւ բոլոր գործողությունները կատարել օրենքի շրջանակներում։ Նրանց գնահատմամբ՝ կուսակցության կանանց  մոտեցումը անուղղակիորեն աջակցում է գործող իշխանությանը եւ խոչնդոտում է առողջ ժողովրդավարության զարգացմանը մեր հայրենիքում։