Նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարելու մեջ մեղադրվող Վլադիկ Մարտիրոսյանի ընկերուհին բերման կենթարկվի դատարան: Նա կացնահարության գործով որպես վկա է, սակայն, արդեն մի քանի դատական նիստ հրաժարվում է ներկայանալ դատարան: Վկան նախաքննական ցուցմունքում նշել է, որ, երբ Վլադիկ Մարտիրոսյանի հետ ընկերություն անելիս է եղել, վերջինն անընդհատ ասել է, որ Մանսուրյաններին պետք է սպանի, սակայն, շարունակել է ընկերություն անել նրա հետ:
Վկան Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում որպես վկա պետք է հարցաքննվեր հունիսի 20-ին, սակայն, չեր ներկայացել՝ չնայած, մինչեւ նիստի մեկնարկը զանգահարել էր դատարան եւ վստահեցրել՝ ներկայանալու է: Դատարանը որոշեց սպասել մինչեւ հաջորդ դատական նիստը, չներկայանալու դեպքում, նրան բերման կենթարկեն դատարան:
Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 8-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Երեւանում, որն ուղեկցվել էր կացնահարությամբ եւ անդամահատությամբ: 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել էր նախկին կնոջը, զոքանչին ու աներոջ, զոքանչը մահացել էր, կինն ու աները՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նա ոստիկանությունում ընդունել էր, որ ինքն է կատարել արարքը, ասել էր, որ այդպես է վարվել, քանի որ ամուսնալուծվելուց հետո իրեն թույլ չեն տվել տեսակցել որդուն, որն արդեն 2 տարեկան է:
Նախկինում տղամարդը հայտնվել է դատարանի առջեւ կնոջը ծեծելու համար: Դատարանն ապացուցված էր համարել, որ Վլադիկ Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել:
31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ եւ 137-րդ հոդվածների 1-ին մասերով: Նա կալանավորված է:
Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:





























