Վերջին հինգ տարիները Հայաստանի համար պետք է լավ դաս ծառայեն։ Հայաստանը բարեկամներ չունի։ Նրա միակ բարեկամներն են Արցախի Հանրապետությունը ու հայկական սփյուռքը, որպես մեծ ցանցային կազմակերպություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հունիսի 20-ին հայտնել է նախկին պատգամավոր, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» տնօրեն Թեւան Պողոսյանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին։
Նախկին պատգամավորի խոսքով Հայաստանը մի երկիր է, որն ունի իր սեփական շահերը։ Նա նշել է, որ հայկական կողմը ունի մի շարք առավելություններ։ Մասնավորապես, կարող է լավ վերլուծել ու հասկանալ մյուս երկրների շահերը ու անել այնպես, որ իր ու այդ երկրների շահերը մեծամասամբ համընկնեն։ Պողոսյանի խոսքով Հայաստանը կարող է նաեւ փորձել այնպես անել, որ բոլորը հասկանան՝ եթե հայկական շահերը հաշվի չառնվեն, ապա նրանց ցանկություններն էլ չեն իրագործվի։ «Դրա համար պետք է փոխել քաղաքականությունը։ Որպեսզի Ադրբեջանին զենք վաճառելու ցանկություն չառաջանա ոչ Ռուսաստանի, ոչ Ուկրաինայի, ոչ Բելառուսի մոտ ու որպեսզի Թուրքիան նույնպես դա անելու հնարավորություն չունենա»,- ասել է Թեւան Պողոսյանը։





























