Ռուսաստանի եւ Ղրղզստանի ֆինանսների նախարարները փոխանակել են Բիշքեկի բոլոր պարտքերը չեղարկելու մասին արձանագրությունները: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ երկկողմ բանակցություններից հետո այս մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը:

«Կցանկանայի նշել, որ Ռուսաստանի կողմից հսկայական իրական ֆինանսական օգնություն է ցուցաբերվել: Այսօր մեր ֆինանսների նախարարները փոխանակել են Ռուսաստանի ունեցած Ղրղզստանի պարտքերի չեղարկման մասին արձանագրությունները»,- հայտարարել է Աթամբաեւը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է ֆինանսական օգնություն ցուցաբերել Ղրղզստանին՝ անհատույց սկզբունքով: Պուտինի խոսքով՝ Ղրղզստանի բյուջեին օգնության նպատակով ռուսական կողմը տարեկան 30 մլն դոլար է հատկացնում: