Հայաստանում սեյսմիկ ռիսկի քարտեզի կկազմվի: Այս մասին նշվել է ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի եւ Համաշխարհային բանկի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀԲ պատվիրակությունը գլխավորում է աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ եւ առաջադրանքի թիմի ղեկավար Տաֆաձվա Դյուբը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱԻ նախարարության հետ համագործակցության շրջանակը «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի» (ԱՌԿԱԾ) եւ «Առավել անվտանգ դպրոցներ» ծրագրերի իրականացման գործընթացում:

Ծրագրով նախատեսվում է աղետների ռիսկի նվազեցման եւ երկրի դիմակայունության մակարդակի բարձրացման նպատակով աջակցել Հայաստանում սեյսմիկ ռիսկի քարտեզի կազմման եւ սեյսմիկ վտանգների գնահատման միջոցով, խորհրդատվություն եւ ինժեներների վերապատրաստում հայաստանում առկա դպրոցների սեյսմիկ ամրացման եւ նոր դպրոցների շենքերի արդի չափանիշներով նախագծման հարցում:

Ծրագրով նախատեսվում է նաեւ արդիականացնել ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության» ծառայությունը, զարգացնել վերջինիս կարողությունները ծառայությունների մատուցման եւ վաղ ազդարարման ոլորտում:

Աղետների ռիսիկի նվազեցմանը միտված ծրագրի շրջանակներում քննարկվեցին բնական եւ մարդածին աղետներից բնակչության պաշտպանվածության, պատրաստվածության եւ դիմակայունության խնդիրները, ինչպես նաեւ՝ պետության՝ աղետին դիմակայելու եւ աղետից հետո արագ վերականգնվելու հնարավորություններն ու մեխանիզմները: