Հայկական պետությունները Լեռնային Ղարաբաղում պատերազմի հակված չեն: Այս մասին հունիսի 21-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով` ցավոք, եթե ապրիլյան ռազմական գործողություններից հետո հայկական պետությունները համապատասխան եզրահանգումներ կատարեցին, Ադրբեջանը քաղաքական ոչ մի դաս չքաղեց: «Այսինքն` Ադրբեջանի համար իրավիճակը նույնպիսին է, որը ապրիլյան պատերազմի հանգեցրեց: Ադրբեջանը հրաշալի գիտակցում է, թե Հայաստանն իրեն ինչպիսի փակուղու մեջ է դրել: Սակայն Հայաստանը փայլուն հնարավորություններ ունի, որոնք չի օգտագործում: Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի Եվրամիության հետ, չնայած Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու դեմ իշխող կուսակցության խայտառակ արշավին»,- նշեց Մեհրաբյանը` շարունակելով, որ նման լավ հարաբերություններ չկան Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ, քանի որ Ռուսաստանը Եվրամիության համար սպառնալիք է:

«Ընթացիկ տարվա նոյեմբերին Հայաստանը կստորագրի ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը: Հայաստանը բավականին լավ հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ, այս մասին խոսվեց, երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Հայաստանում էր: Հայաստանն Իրանի հետ տարածաշրջանի անվտանգության ընդհանուր պատկերացումներ, ընդհանուր օրակարգ ունի, որն այսօր չի գործում: ԱՄՆ-ն Հայաստանին էներգետիկ դիվերսիֆիկացման առաջարկ է կատարել (ամերիկյան 6 ընկերություններ Հայաստանում արեւային էլեկտրակայանների կառուցման կոնկրետ նախագծեր են ներկայացրել): Հայաստանի իշխանությունն այս մասին լռում է»,- դժգոհեց Մեհրաբյանը: Սակայն այս նախագծերի իրականացումը, նրա համոզմամբ, թույլ կտա ամրապնդել երկրի էներգետիկ անվտանգությունը եւ նվազեցնել Ռուսաստանից կախվածությունը: «Եթե ամերիկյան այս ընկերությունների առջեւ դռները բացվեն, նրանց կհետեւեն եվրոպականները: Ըստ որում` նրանք ոչ մի արտոնություն չեն ցանկանում, այլ միայն մյուս ընկերությունների հետ հավասար պայմաններ»,- հավելեց Ռուբեն Մեհրաբյանը: