Անկախ 2018-ին վարչապետի անձից, գործ պետք է ունենաք քաղաքական իշխանության հետ՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, մեր պարագայում գործ պիտի ունենաք ՀՀԿ-ի հետ՝ Նախագահ Սարգսյանի գլխավորությամբ: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր արտահերթ ելույթում նշել է ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Ելքի» պատգամավորների բարձրացրած հարցին, թե ով է լինելու վարչապետ 2018 թ-ից հետո:
«Քանի որ իմ ընդդիմադիր գործընկերներին շատ է հետաքրքրում 2018թ. իշխանության ճակատագիրը, պետք է ասեմ, որ մենք արդեն խորհրդարանական հանրապետություն ենք, եւ 2017թ. ժողովրդի մեծամասնությունն իր վստահության քվեն տվել է քաղաքական կոալիցիոն ուժերին՝ ՀՀԿ-ին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, եւ ՀՅԴ-ին։ Հետեւաբար, անկախ նրանից, թե 2018թ. ով կլինի վարչապետ, անկախ վարչապետի անձից, դուք գործ կունենաք մեր կուսակցության հետ՝ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ»,- հայտարարել է Շարմազանովը:
Նրա խոսքով, կառավարության ծրագիրը հիմնված է ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի նախընտրական ծրագրերի ու երկրի նախագահ Սերժ Սարգսյանի՝ մայիսի 18-ին խորհրդարանում ունեցած ելույթի հիմնադրույթների վրա:
«Այո, մենք այսօր ունենք բազմաթիվ մարտահրավերներ, եւ այս ծավալուն փաստաթղթի մեջ հստակ, ուղիղ ներկայացված են այդ մարտահրավերներին դիմակայելու միջոցները: Մենք ունենք մի հանրապետություն, որ, դժբախտաբար, 17 տոկոսանոց թոքերով է շնչում: Ունենք բազում անվտանգության մարտահրավերներ, գումարած ահաբեկչության մարտահրավերը, ուղիղ Հայաստանից մինչեւ Սիրիա մի քանի հարյուր կմ է։ Մենք, որպես քաղաքական իշխանություն, պարտավոր ենք բոլոր բացասական բաները դիտարկել»,-նշել է Շարմազանովը:





























