Կառավարությունն իր նախորդ ծրագիրը չի կատարել, բայց նորի մասին է խոսում: Այս մասին հունիսի 21-ին` ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը` ելույթ ունենալով կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագրի քննարկման ժամանակ: 

Նա հիշեցրեց, որ կառավարությունը նախորդ ծրագրով խոստացել էր 5-7 տոկոսով տնտեսական աճ: Սակայն 7,4 տոկոսով աճ է եղել միայն 2012 թվականին, որից հետո այն հավասարակշռվել է 2-3 տոկոսի մակարդակում:

Ինչպես նշեց Մելքումյանը, խոստացել էին դադարեցնել սահմանին ԱԱՀ-ի պրակտիկան եւ այն ամբողջությամբ փոխանցել ներքին շրջանառություն: Այս խոստումը չի կատարվել` ԵՏՄ գործարքների բացառությամբ. սա ոչ այնքան կառավարության վաստակն է, որքան Եվրասիական միությանն անդամագրվելու: «Խոստացել էին ամեն տարի արտասահմանյան ներդրումները 10 տոկոսով մեծացնել: Ուղղակիորեն հակառակը ստացվեց: ՀՆԱ-ներդրումներ հարաբերակցությունը կրճատվել է 40 տոկոսից մինչեը 19,1 տոկոս: 2017-ի նվազագույն աշխատավարձը պետք է 65 հազար դրամ կազմեր, հիմա այն 55 հազար դրամ է»,- հավելեց Միքայել Մելքումյանը: