Կառավարությունն իր ծրագիրը կկատարի` այն ժողովրդի աջակցությունն է ստացել: Ընդդիմությունը պետք է սա հաշվի առնի: Այս մասին հունիսի 22-ին` ԱԺ-ում հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` ներկայացնելով Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի վերաբերյալ ՀՀԿ-ի տեսակետը:
Բաղդասարյանի խոսքով` կառավարությունն իր նոր ծրագրում չի փորձում որեւէ մեկին դուր գալ եւ որեւէ բան հարթել: Հակառակը` այն պետության համար հիմնական հարցերն է բարձրացնում եւ վճռական միջոցներ է առաջարկում երկիրն ավելի բարեկեցիկ եւ պաշտպանված դարձնելու համար: «Նրանց, ովքեր դեռեւս չեն հասցրել կառավարության ծրագրին ծանոթանալ, խորհուրդ եմ տալիս դա անել հետագայում, եւ դուք այս ամենը կտեսնեք»,- հավելեց խորհրդարանական մեծամասնության ղեկավարը:
Նա պատասխանեց նաեւ ընդդիմության դիտողություններին այն մասին, որ ՀՀԿ-ն չի հստակեցնում, թե 2018 թվականից հետո ով է լինելու վարչապետը, երբ ավարտվի Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը: «Կառավարության ծրագիրը քաղաքական է: Եվ դրա համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Եթե ցանկանում եք, կարող եք մեզ հետ համագործակցել, եւ գուցե մենք քննարկենք ձեզնից մեկին որպես վարչապետի պաշտոնի հավակնորդ… Իսկ եթե լուրջ, ապա մենք պատրաստ ենք լսել մյուս քաղաքական ուժերի ցանկացած կարծիք այն մասին, թե ինչպես երկիրը լավացնենք»,- եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը:





























