Ջավախքի Ախալքալաք քաղաքի տոնավաճառի աշխատողները դիմում-նամակ են գրել երկրի բարձրագույն իշխանություններին տոնավաճառի տարածքի կարգավիճակի փոփոխության համար, հաղորդում է jnews.ge-ն:
Տոնավաճառի վաճառողները տարիներ շարունակ իշխանություններից պահանջում են բարելավել տոնավաճառի պայմանները, սակայն տեղի իշխանությունը մերժում է՝ պատճառաբանելով, որ այն զբոսայգի է:
«Անընդհատ ժողովուրդը բողոքում է պայմաններից: Ծածկն է կաթում, ցեխի ու ջրի մեջ են առեւտուր անում: Երկու տարի է տեղական գամգեոբային եմ դիմում, որ պայմաններ ստեղծեն: Բյուջեում փող ունենք, որ չի օգտագործվում, նորմալ պավիլիոն սրքենք, գոնե միջին մակարդակի: Մեզ միշտ պատասխանում են, որ չեն կարող, քանի-որ այդ տարածքը այգի է, եւ իրենք իրավունք չունեն ձեւափոխելու», – ասել է տոնավաճառի վարձակալ Ադամ Այվազյանը:
Տոնավաճառի շուրջ 68 աշխատակից ստորագրությամբ եւ նամակով Վրաստանի նախագահից ու վարչապետից խնդրում են տարածքի կարգավիճակը փոխել եւ այն դարձնել առեւտրային կետ, որպեսզի կարողանան բարեկարգել եւ նորմալ պայմաններում առեւտուր իրականացնել:
Գրեթե 30 տարի է Ախալքալաքի Վաչագան Վանցյանի անվան զբոսայգին օգտագործվում է որպես տոնավաճառ: Մոտավորապես 100 մարդ այգու տարածքում վաճառք է իրականացնում:
«Հուշարձանին ձեռք չենք տա, խոստանում ենք արձանի շրջակայքը բարեկարգել, իսկ մնացած մասը դարձնել առեւտրային կետ: Ամիսը 2510 լարի տեղական բյուջե գումար եմ մտցնում: Գոնե թույլատրեն տարածքը բետոնապատենք եւ մեկ ընդհանուր տանիքի տակ վերցնենք, մարդիկ աշխատեն մաքուր ու կոկիկ միջավայրում»,- ասել է Ադամ Այվազյանը:





























