Ուսանողին կեղծ փաստաթղթեր տրամադրելու հերթական գործն է հայտնվել դատարանում, թիրախում այս անգամ Դիլիջանի պետական բժշկական քոլեջի տնօրեն Վարդան Գեւորգյանն է:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գեւորգյանը 2013թ. սեպտեմբերի 1-ին Հայաստանից բացակայող, քոլեջի ուսանողուհի Վարյա Բ.-ի բացակայությունները քողարկելու նպատակով պաշտոնական փաստաթղթերում կատարել է ակնհայտ կեղծիքներ. իր ստորագրությամբ և Դիլիջանի պետական բժշկական քոլեջի կնիքով հաստատել է իրականությանը չհամապատասխանող փաստեր

Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հավատարմագրված ու Երեւան քաղաքում եւ մարզերում գործող որոշ ոչ պետական ԲՈՒՀ-երի ռեկտորներ շահադիտական դրդումներով կեղծ ավարտական դիպլոմներ են հատկացրել դասընթացներին չմասնակցած, իսկ առանձին դեպքերում՝ նաեւ ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց։ Հատկանշական է, որ կեղծ դիպլոմները տրամադրվել են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ օտարերկրյա, այդ թվում՝ Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ՌԴ-ի, Ուզբեկստանի եւ Իսրայելի մի քանի տասնյակ քաղաքացիների, որպիսի պայմաններում իրական են եղել թե նոր իրավախախտումների կատարման, եւ թե այլ անբարենպաստ հետեւանքների առաջացման ռիսկերը: