Զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը մինչեւ տարեվերջ կլուծվի: Հունիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա հիշեցրեց, որ ցանկում դեռեւս 1990-ական թվականներին զոհվածների ընտանիքներ կան: «Խնդիրը փորձել են լուծել, բայց, իմ կարծիքով, հրապարակայնության պակաս է եղել»,- նշեց նախարարը:

Սարգսյանը նաեւ հիշեցրեց, որ ապրիլին հանրապետության նախագահը հանձնարարել է երեք տարվա ընթացքում լուծել խնդիրը: Կառավարությունը, ուսումնասիրելով հարցն ու ֆինանսական աղբյուրները, որոշել է Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցների մի մասն ուղղել այս խնդրի լուծմանը:

«Դա թույլ կտա մինչեւ տարեվերջ լուծել զոհվածների եւ 1-ին կարգի հաշմանդամների ընտանիքների բնակարանային հարցը: Եթե հաջողվի, հաջորդ տարվանից կանցնենք 2-րդ կարգի հաշմանդամների խնդրին»,- հավելեց Վիգեն Սարգսյանը:

Նախարարն անդրադարձավ նաեւ սահմանամերձ գյուղերի բնակիչների, պաշտպանական պատերի, ապաստարանների կառուցման, գյուղացիներին տնտեսական օգնություն տրամադրելու խնդիրներին: