Երեւանի Գայի պողոտայի 8/2 հասցեում գործող «Ծիրան» սուպերմարկետում զինված ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը պարզվել է։

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 26-ին, ժամը 3-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ դիմակավորված անհայտ անձը ժամը 2-ին օդամղիչ ատրճանակով մուտք է գործել Երեւանի Գայի պողոտայի 8/2 հասցեում գործող սուպերմարկետ եւ զենքի սպառնալիքով պահանջել է բացել դրամարկղը:

Սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները կանխել են նրա գործողությունները, որից հետո անհայտ անձը դիմել է փախուստի:

Հանցագործության գործիք ատրճանակը եւ դիմակն առգրավված են:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ ճշտվել է ավազակային հարձակումը կատարողի ինքնությունը: Ձեռնարկվում են որոնողական աշխատանքներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: