Հափշտակության մեջ մեղադրվող՝ Բյուրեղավանի պոլիկլինիկայի նախկին տնօրեն Արմեն Մոսիկյանն ու բժշկուհի Մարինե Բաղդասարյանն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում եւ դատարանում հայտարարել են, որ դեմ են արագացված դատական քննությանը: Այս մասին NEWS.am-ին ասաց Մարինե Բաղդասարյանի պաշտպան Հրանտ Անանյանը:

«Իմ պաշտպանյալն ու Արմեն Մոսիկյանը կոնֆլիկտ են ունեցել համայնքի ղեկավարի հետ, ինչի հետեւանքով ազատվել են աշխատանքից: Դրանից հետո քաղաքապետն արդեն վրեժխնդրությամբ պայմանավորված ստուգումներ է իրականացրել պոլիկլինիկայում: Սկզբում միայն Մոսիկյանի մասով էր, սակայն երեւի թե հետո որոշել են, որ 568 հազարը քիչ է, Մարինե Բաղդասարյանի մասն էլ են ավելացրել, այն դեպքում, որ որեւէ փաստաթուղթ չկա, որ իմ պաշտպանյալին դիակային տեղափոխության համար գումար են տվել»,- ասաց Հրանտ Անանյանը:

Ըստ մեղադրանքի՝ Մոսիկյանը 2015թ.-ին սոցիալական փաթեթում ընդգրկված բոլոր ծառայությունները չիրականացված 71 քաղաքացիների իր ստորագրությամբ և պոլիկլինիկայի ֆիրմայի անվամբ կնիքով հաստատված տեղեկանքներ է տրամադրել, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ պետությունը յուրաքանչյուր հիվանդի դեպքով 8 հազարական դրամ փոխանցի պոլիկլինիկային: Արդյունքում տնօրենը պետությանը պատճառել է 568 հազար դրամի վնաս: Բացի դրանից, նախաքննության ընթացքում պարզ է դարձել, որ Մոսիկյանը 2013- 2015թթ. բժշկուհի Մարինե Բաղդասարյանի հետ հափշտակել են Բյուրեղավան, Արզնի և Նուռնուս համայնքներից դիակային տեղափոխությունների համար հավաքագրված 852 հազար դրամը:

Հրանտ Անանյանը պնդեց, որ մեղադրանքը զուրկ է հիմնավորումից, չկա որեւէ ապացույց հափշտակության վերաբերյալ, գործում դրված են մի քանի բուժքրոջ ցուցմունքներ միայն:

«Միեւնույն ժամանակ, հանգուցյալի որեւէ հարազատ չի ասել, որ Մարինե Բաղդասարյանին գումար է տվել, ասել են՝ երեւի ինչ-որ մեկը տվել է, չեն հիշում իրենք, դրանից նախաքննական մարմինը ենթադրել է՝ ուրեմն տվել են»,- նշեց պաշտպանը:

Այս գործն արդեն դատարանում է: