Հայաստանի ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր՝ հունիսի 29-ին, Շոտլանդիայի խորհրդարանում հանդիպել է Շոտլանդիայի կառավարության արտաքին հարաբերությունների եւ Եվրոպայի հարցերով նախարար Ալասդաիր Ալլանին եւ իր մտահոգությունը հայտնել, որ շոտլանդական խորհրդարանում արդեն երկրորդ տարին է Խոջալուի դեպքերի վերաբերյալ 24, իսկ հետո՝ 25-ամյակը նշող բանաձեւ է շրջանառվում:
«Լուսավոր Հայաստանի» տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը բրիտանական Արտաքին գործերի նախարարության հրավերով՝ քաղաքական առաջնորդների ծրագրով հունիսի 24-ից գտնվում է Մեծ Բրիտանիայում, որտեղ տարատեսակ հանդիպումներ է ունենում կառավարության անդամների, խորհրդարանի, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։
Հունիսի 29-ին այցի շրջանակներում Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում՝ շոտլանդական խորհրդարանում, հանդիպել է Շոտլանդիայի Կառավարության արտաքին հարաբերությունների եւ Եվրոպայի հարցերով նախարար Ալասդաիր Ալլանին, (Minister for Europe and International Dr. Alasdair Allan the Scottish government), որին ներկայացրել է մեր մտահագությունն առ այն, որ շոտլանդական խորհրդարանում արդեն երկրորդ տարին է Խոջալուի դեպքերի վերաբերյալ 24, իսկ հետո՝ 25-ամյակը նշող բանաձեւ է շրջանառվում, որում անաչառ կերպով արտացոլված չէ Արցախյան հակամարտության խնդրի էությունը եւ դա միակողմանի, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով փաստաթուղթ է։
Նախարարը հավաստիացրել է, որ նման բանաձեւերի նախագծերը որեւէ կերպ չեն արտացոլում Շոտլանդիայի կառավարության տեսակետները, եւ շոտլանդական օրենսդրության համաձայն յուրաքանչյուր պատգամավոր կարող է նմանատիպ նախագծով հանդես գալ, որն անգամ քննարկման չի դրվում։ Էդմոն Մարուքյանը ներկայացրել է նաեւ, որ Ադրբեջանը նմանատիպ տեղեկությունները «վաճառում» է իր բնակչությանը՝ ներքին շահարկման նպատակներով։
Էդմոն Մարուքյանն առաջարկել է համագործակցություն Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի շրջանակներում, որի արդյունքում կկարողանանք լրացնել հայկական հարցերի վերաբերյալ տեղեկատվական բացը եւ կանխել ադրբեջանական միակողմանի եւ իրականությանը չհամապատասխանող նախաձեռնությունները»:





























