Եթե Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ծառուկյանը եւ ՀՅԴ-ն, Հանրապետական կուսակցության որոշ անդամներ ու ոչ խորհրդարանական ուժեր կցանկանան երկրում որեւէ բան փոխել, մենք պատրաստ ենք դրան մասնակցել։ Այս մասին հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ իր գլխավորած քաղաքական ուժի օրակարգը սահմանադրական կարգը վերականգնելն է։ «Մեր նպատակն է Հայաստանի քաղաքացու իրավունքների պաշտպանումը՝ քառորդ դար շարունակ ընտրությունների արդյունքների կեղծվելուց հետո։ Մենք հարգում են ԱՄՆ-ին, Ռուսաստանին, սակայն ոչ ոք իրավունք չունի 51 տոկոսով լինել մեր ռազմավարական օբյեկտների սեփականատերը»,-նշեց Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ հայ ժողովուրդը պետք է լինի իր ռազմավարական փաթեթի սեփականատերը։ Երրորդ, ընդդիմադրի համաձայն, օրակարգում Հայաստանի ազգային շահերն են՝ քաղաքացու ազատության իրավունքի հետ կապված։
«Մեր երկիրը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե «Սերժի պետությունը»»,-ընդգծեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը։
Նշենք, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, որի կազմում է «Ժառանգություն» կուսակցությունը, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում ձախողվեց՝ չկարողանալով Ազգային ժողով անցնելու համար հաղթահարել 5 տոկոս շեմը։




























