Եթե մենք Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի հետ միասնական գործենք, իսկ մենք պետք է հենց այդպես գործենք, ապա կփոխենք իրավիճակը Հայաստանում։ Այս մասին հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, «Ելք» դաշինքի առաջնորդներից Արամ Սարգսյանն իր լավ ընկերն է, հրաշալի հայ՝ իր բոլոր թերություններով, բացթողումներով հանդերձ։ Նա եւ իր ընտանիքն անձնազոհ հայրենասերներ են։

«Ես շատ կցանկանայի առանձին հանդիպել Արամ Սարգսյանին, եթե նա ինչ-ինչ հարցեր ունի։ Հավանաբար նա, որպես քրիստոնյա, դեմ չի լինի։ Եվ հավանաբար համաձայն է այս հեռակա զրույցին։ Ես նախընտրում եմ աղոթել եկեղեցում, իմ տանը, «Ծիծեռնակաբերդ»-ում, քան զոհել 8 քաղաքացու եւ երկու ոստիկանի ու հետո տուն գնալ (նկատի ունի 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները - խմբ.)։ Մինչ օրս ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանը չեն հարցաքննվել 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետ կապված։ Ինձ եւս չեն հարցաքննել»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ օրն ինքը Սանկտ Պետերբուրգում ԵԽԽՎ-ի գագաթնաժողովին էր մասնակցում եւ կարողացել է Հայաստան վերադառնալ միայն մարտի 2-ին։

«Այստեղ ուղեւորվելիս ես հանդիպեցի Նիկոլ Փաշինյանին եւ ասացի, որ ես Արամի համար իրենից ավելի լավ ընկեր եմ։ Արամ Սարգսյան, ապագայի մասին մտածելու պարագայում մենք պետք է միասին լինենք։ Բայց թող ոչ ոք դիմացինին չդատի։ Եվ եթե միասնական գործենք, իսկ մենք պետք է հենց այդպես գործենք, կհասնենք փոփոխությունների»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ խոսելով «Ժառանգություն» կուսակցության եւ «Ելք» դաշինքի հնարավոր համագործակցության մասին՝ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը նշել էր, որ նախ պետք է որոշ հարցեր հստակեցնել, մասնավորապես՝ արդյո՞ք հնարավոր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հիշատակած «թավշյա հեղափոխության» ընթացքում նա կրկին որոշի Աստծուն աղոթել, ինչպես դա արեց 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ հազարավոր ցուցարարներ, նրան սատարելով, հավաքվել էին Բաղրամյան պողոտայում։