ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ  Ալիկ Սարգսյանը  բոլոր տեսակի հեղափոխություններին կողմ է, միայն ոչ զինված հեղաշրջմանը:

«Դեմ եմ ամեն տեսակի ցնցումներին, իշխանության դեմ զինված հեղաշրջման: Կողմ եմ քաղաքակիրթ ճանապարհով, միտինգներով, ցույցերով օրենսդրական նախաձեռնություններին»,-  NEWS.am-ի հետ զրույցում նշել է Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցւթյան առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի խոստացած «թավշյա հեղափոխությանը»:

Հիշեցմանը, որ տարիներ առաջ ինքը հայտարարել էր, որ Հայաստանում հեղափոխության ցանկացած փորձ «հենց օրորոցում կխեղդի», եւ հարցին, թե  հիմա որպես պատգամավոր՝ պատրա՞ստ է խեղդել այն օրորոցում, Ալիկ Սարգսյանն արձագանքեց. «Ես խեղդել ի սկզբանե պատրաստ չեմ, մի գուցե խոսքի վրիպում կար, բայց զենքի միջոցով իշխանափոխությունը էս երկիրը հետ կարող է գցել 50 տարի: Հայաստանին այդպիսի ցնցում չի կարելի, անունը կդնեք խեղդել, ինչ անել, չգիտեմ: Հիմա խեղդել չեմ ասի, բայց էդպիսի մի փոխարինող բառ կա մտքումս: Դեմ եմ ամեն տեսակի ցնցումներին, իշխանության դեմ զինված հեղաշրջմանը: Կողմ եմ քաղաքակիրթ ճանապարհով, միտինգներով, ցույցերով օրենսդրական նախաձեռնություններին»:

Ալիկ Սարգսյանը խորհուրդ տվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հենց քաղաքական ուժերի հետ միավորվելու եւ թավշյա ճանապարհի վրա էլ շեշտադրում անի, բայց ոչ զինված հարձակման:

Որպես  հեղափոխության քաղաքակիրթ ճանապարհ՝ նախկին ոստիկանապետը մատնացույց արեց ընտրությունները: Դիտարկմանը, որ  տարիների փորձը ցույց է տվել, որ այն իշխանափոխության հավանական միջոց չէ, քանի որ 1991-ից ի վեր Հայաստանում ընտրություններով չի հաջողվել իշխանություն փոխել, դրանք պարբերաբար կեղծվել են, Ալիկ Սարգսյանն արձագանքեց. «Ես իշխանություն-ժողովուրդ տեսնում եմ նույն համատեքստում, ինչպիսին ժողովուրդն է, էնպիսին իշխանությունը եւ ինչպիսին իշխանությունն է, էնպիսին էլ ժողովուրդը: Ինչքանով որ իշխանություն է կեղծել ընտրությունը,  այդքանով էլ ժողովուրդը»:

Նշենք, որ 2011թվականի մարտին Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, թե «սիմպատիա չունի հեղափոխությունների նկատմամբ», քանի որ հեղափոխությունը զինված ճանապարհով իշխանության բռնազավթում է եւ եթե որեւէ մեկը փորձի դիմել նման քայլի, ապա ոստիկանությունը համապատասխան վերաբերմունք ցույց կտա: Նա հայտարարել էր, որ Հայաստանում հեղափոխության ցանկացած փորձ «հենց օրորոցում կխեղդի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բոլոր ընդդիմադիր ուժերին կոչ էր արել միավորվել ու երկրում թավշյա հեղափոխություն իրականացնել՝ հեռացնելով իշխանություններին: Նա ընդգծել էր, որ նման հեղափոխության համար առիթ կարող է լինել 2018-ի ապրիլը, եթե Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը թողնելուց հետո որոշի մնալ իշխանության մեջ: