Եթե ընտրությունները կեղծվել են, ինչու «Ելք» դաշինքը մի բողոք անգամ չներկայացրեց Սահմանադրական դատարան: NEWS.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսպես հակադարձեց «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանի այն պնդմանը, որ իշխանությունը չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ, քանի որ մեծամասնություն է դարձել 10 հազար դրամ ընտրակաշառք բաժանելով: Արամ Սարգսյանն այս մասին հայտարարել էր NEWS.am-ի հետ զրույցում:

«Ուր էին նրանց բողոքները պատկան մարմիններին,  ցույց տվեք մի բողոք, որ «Ելք» դաշինքը դիմել է Սահմանդրական դատարան  եւ բողոքարկել ընտրության արդյունքները: Եթե կեղծել է իշխանությունը, ինչու նրանք չդիմեցին պատկան մարմիններին: «Ելք» դաշինքը շոկի մեջ էր գտնվում իր հաջողություններից եւ  տոնակատարությունների մեջ էր, հետո  մտածեցին՝ իրենց վրա կասկածանքներ կան, որ համագործակցում են իշխանության հետ, նման հայատարարութուն են անում, նման հայտարություններով փորձում են իրենց ընդդիմադիր կեցվածքը պահել»,-ասաց պատգամավորը:

Վահրամ Բաղդասարյանը համոզված է, որ «Ելք» դաշինքը կաշկանդված է այն մեղադրանքներից ու մեկնաբանություններից, որ իշխանության հետ համագործակցության արդյունքում հայտնվեցին խորհրդարանում:

«Կոմպլեքսավորված են: Մենք հայտարարել ենք՝ հաճախորդների կարիք չունենք, բայց իրենք չեն կարողանում ձերբազատվել այդ կոմպլեքսից եւ մտածում են՝ ով շատ վիրավորի իշխանությանը, ուրեմն ընդդիմադիր է: Ընդդիմադիր կեցվածքը պահում են առողջ քննադատություններով, որ կարողանան ստիպել իշխանությանը, որ իրենց քննադատությունների հետ հաշվի նստեն»,-նկատեց Բաղդասարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, թե  իշխանությունը թիկունքում չի զգում ընդդիմության շունչը. «Շատ վատ է իշխանութան համար, երբ որ չկա կառուցողական ընդդիմություն, երբ իր թիկունքում չի զգում ընդդիմության շունչը: Այսօր նրանք մրցում են,  թե ով է ընդդիմադիրը, մենք ասում ենք՝ բոլորդ ընդդիմադիր եք, մի կռվեք իրար հետ»:

Կառավարության ծրագրի վերաբերյալ դաշինքի քննադատությունները  ՀՀԿ-ական պատգամավորը  չի համարում  կառուցողական, որի հետ իշխանությունը հաշվի նստի. «Ինչ էին քննարկում, քննարկում էին միայն՝ով կլինի  հաջորդ վարչապետը, չեն կարդացել ծրագիրը, նրանց պետք էլ չի կարդալ: Այլ խնդիր է, որ նրանք հետեւողական նայեն՝ ինչն է կատարվում, ինչը՝ ոչ:  Նորաթուխ քաղաքական ուժով ուզում են փորձառու իշխանությանը ծուղակը գցել»:

Վահրամ Բաղդասարյանը թեեւ շեշտեց, որ իշխանությունը թիկունքում չի զգում ընդդիմության շունչը, ինչը վատ է իշխանության համար, սակայն միաժամանակ հայտարարեց, թե եթե իշխանությունը վտանգ զգա ընդդիմությունից, ապա պարտված  ուժ կլինի. «Մենք եթե սկսկենք մտածել, որ ընդդիմությունից վտանգ կա, ուրեմն պարտված ուժ ենք»:

Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ կոռուպցիան սկիզբ է առնում ընտրական այն արատավոր համակարգից, որի միջոցով ձեւավորվում է իշխանությունը. «Իմ կարծիքով կոռուպցիան սկսվում է ընտրություններից։ Եթե մարդը 10 հազար դրամ տալով դառնում է «ժողովրդի ընտրյալ»  եւ մեծամասնություն  դառնալով՝  ձեւավորում կառավարություն, ունենում վարչապետ, նախագահ, այդ պարագայում չես կարող դատավորին, դասախոսին, հարկային մարմիններին կամ մյուսներին ասել՝ փող մի վերցրու։ Կոռուպցիայի դեմ պայքարը մի համակարգ է, որը պիտի սկսել վերեւից: Ընտրակաշառքով  ձեւավորված իշխանությունը չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ»: