Մալիում «Ալ Քաիդա»-ի հետ կապված ահաբեկչական խմբավորումը տեսագրություն է հրապարակել, որտեղ 6 արտասահմանցի պատանդներ են։ AP-ն հաղորդում է, որ տեսագրությունը հրապարակվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Մալի այցի նախօրեին։ Վերջինն այնտեղ պետք է մասնակցի գագաթնաժողովի, որի գլխավոր թեման ահաբեկչության դեմ պայքարն է։
Nusrat al-Islam wal Muslimeen խմբավորումը տեսագրությունը հրապարակել է Telegram-ում։ Տեսագրությունում պատկերված են Սթիվեն ՄաքԳոուենը՝ Հարավային Աֆրիկայից, Էլիոթ Քենեթ Արթուրը՝ Ավստրալիայից, Յուլիան Հերգութը՝ Ռումինիայից, Բեատրիս Սթոքլին՝ Շվեյցարիայից, Գլորիա Սեսիլիա Նարվայեսը՝ Կոլումբիայից եւ Սոֆի Պետրոնին՝ Ֆրանսիայից։
Ժապավենում հնչող ձայնը պնդում է, որ հանուն «ձեր երեխաների» փրկության «իրական» բանակցություններ չեն ընթանում։ Նա նաեւ հիշեցնում է, որ ֆրանսիացի պատանդ Սոֆի Պետրոնինը հույս ունի, որ Մակրոնը կօգնի իրեն։





























