KfW բանկի հետ ստորագրվել է Շիկահող պետական արգելոցի 4 համայնքների էներգետիկ անվտանգության ծրագիրը: ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում իր առաքելությունն ավարտող KfW գերմանական բանկի բնապահպանական ծրագրերի նախկին ղեկավար Անդրեաս Վայցելին եւ ծրագրի ղեկավարումն ստանձնած Ալվարո Բեռիելիին:
Բնապնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման մեկնարկին նախարար Արծվիկ Մինասյանը եւ Անդրեաս Վայցելը ստորագրել են «Շիկահող» պետական արգելոցի հարակից 4 համայնքների էներգետիկ անվտանգության ապահովման ծրագիրը»: Այն իրականացվելու է KfW բանկի կողմից տրամադրված 8.25 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհային միջոցներով իրականացվող Հայաստանի կենսաբազմազանության պահպանության եւ պահպանվող տարածքների աջակցության ծրագրերի շրջանակներում:
Նախարար Ա. Մինասյանը Հայաստանի Հանրապետության բնապահպանության բնագավառում նշանակալի աջակցություն ցուցաբերելու համար Վերականգնման վարկերի բանկի Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Էներգիայի եւ բնական ռեսուրսների ծրագրերի ավագ կառավարիչ Անդրեաս Վայցելին շնորհել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալ:
ՀՀ բնապահպանության նախարարը, շնորհակալություն հայտնելով Անդրեաս Վայցելին Հայաստանում ծավալած արդյունավետ գործունեության համար, նշել է, որ նա իր անձնական ներդրման շնորհիվ ծրագրերի մեկնարկի այնպիսի հիմքեր է ձեւավորել, որոնք միանշանակ ապահովելու են դրական արդյունքներ: Արծվիկ Մինասյանը նաեւ ողջունել է ծրագրի ղեկավարումն ստանձնած Ալվարո Բեռիելիին` վստահություն հայտնելով, որ համատեղ աշխատանքները ոչ միայն արդյունավետ, այլեւ օրինակելի կլինեն շատերի համար:
Անդրեաս Վայցելը` շնորհակալություն հայտնելով պարգեւի եւ ջերմ խոսքերի համար, նշել է, որ դժվարությամբ է լքում Հայաստանն այն ժամանակահատվածում, երբ պահպանվող տարածքների ոլորտում մեկնարկել է արդյունավետ համագործակցության կարեւոր փուլ եւ հաջողություն մաղթել ծրագրի նորանշանակ ղեկավար Ալվարո Բեռիելիին:
Կողմերը քննարկել են Հայաստանի կենսաբազմազանության պահպանության եւ պահպանվող տարածքների աջակցության ծրագրի կառուցվածքին եւ բովանդակությանը վերաբերող հարցեր: Բնապահպանության նախարարը կարեւորել է ծրագրի լիարժեք իրականացումը, քանի որ այն լինելով շարունակական, ՀՀ կառավարության առաջնահերթ ծրագրերից է: Արծվիկ Մինասյանը հատկապես առանձնացրել է ծրագրի սոցիալական բաղադրիչը, հավաստիացնելով, որ բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքների զարգացումն ուղղակի իր դրական ազդեցությունը կունենա պահպանվող տարածքների պահպանման ռեժիմի բարելավման եւ զարգացման վրա:
Քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել հետագա համատեղ քայլերի եւ դրանց իրականացման ուղիների վերաբերյալ:





























