ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2015թ. ծնված երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննության տվյալներով ՝ Արագածոտնի մարզի բնակիչն իր վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով ընթացել է Երեւան-Երասխ ավտոճանապարհով, որի 37-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի գազատար խողովակի հենասյանը։ Վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց, իսկ մեքենայի մեջ գտնվող 2-ամյա երեխան տեղում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. ժամը 18:30-ի սահմանում Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ 26-ամյա Մկրտիչ Ղ.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 DA 817 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Երասխավան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի գազատար խողովակի հենասյանը եւ մոտ 100 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում:
Վթարի հետեւանքով վարորդ Մկրտիչ Ղ.-ն, ուղեւոր 24-ամյա Արմինե Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն, իսկ 2-ամյա Արտաշես Ղ.-ն տեղում մահացել է:
Նախնական տեղեկություներով վարորդ Մկրտիչ Ղ.-ն ծառայում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում, իսկ մահացած երեխան նրա որդին էր, վիրավոր Արմինե Մ.-ն էլ՝ կինը:





























