Երեւանում, այսօր՝ հունիսի 3-ին տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության 2017թ. «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը: Ծրագիրն իրականացվում է ԵՊՀ հետ համագործակցությամբ:
Սփյուռքի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս տարի ծրագրին մասնակցում է ավելի քան 350 սփյուռքահայ՝ աշխարհի 30 երկրից:
«Սփյուռք» ամառային դպրոցում կանցկացվեն դասընթացներ հինգ ուղղություններով.
Հայոց լեզվի արագացված ուսուցում (հուլիսի 2 - 29),
Հայոց լեզվի ուսուցիչների եւ կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում (հուլիսի 2 - 29),
Երիտասարդ լրագրողների վերապատրաստում (հուլիսի 2 - 15),
Ազգային երգի խմբավարների եւ պարուսույցների վարպետության դասընթացներ (հուլիսի 2 - 15),
Երիտասարդ առաջնորդների եւ համայնքային գործի կազմակերպիչների դասընթաց (հուլիսի 2 - 15):
Բացման խոսքով հանդես եվավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Ողջունում եմ դասընթացների բոլոր մասնակիցներին, ովքեր Հայաստան են եկել մաշտոցյան ոսկեղենիկ հայերենը սովորելու, կատարելագործելու իրենց գիտելիքներն ու հմտությունները: Հայրենիքի կանչով աշխարհի տարբեր անկյուններից դուք եկել եք տեսնելու ձեր նախնիների երկիրը, հայ երիտասարդների հետ մայր բուհի կամարների տակ հայոց լեզվով հաղորդակցվելու, միմյանց եւ հայրենիքի հետ կապեր ստեղծելու համար»:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ընդգծեց, որ «Սփյուռք» ամառային դպրոցը ստեղծվել է Սփյուռքի պահանջով՝ ազգային ինքնության, հայեցի լեզվամտածողության պահպանման եւ զարգացման, համայնքներում հայապահպանության ծրագրերին աջակցելու նպատակով:
«5 տարի առաջ, երբ նոր էր ստեղծվում դպրոցը, մտավախություն կար, թե կարող է չկայանալ: Մինչդեռ մասնակիցների թիվը տարեցտարի ավելացավ եւ այսօր նրանք ավելի քան 350-ն են, - նշեց նախարարը՝ հավելելով, - շատ կարեւոր է հատկապես երիտասարդների մասնակցությունը, քանի որ նրանք են, որ պիտի լավ ճանաչեն իրենց ժողովրդի, հայրենիքի պատմությունը, իմանան լեզուն եւ այդ բոլոր գիտելիքները տարածեն եւ փոխանցեն Սփյուռքի տարբեր համայնքներում ապրող մատաղ սերնդին»:
Նախարարը մասնակիցներին կոչ արեց լավ սովորել: «Հատկապես խոսքս ուզում եմ ուղղել երիտասարդներին: 21-րդ դարը գիտության, նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների դար է: Հայի գենն ունեցող հայ երիտասարդներն աշխարհում պետք է մրցունակ լինեն իրենց գիտելիքներով, դառնան լավագույն մասնագետներ եւ իմանան, որ իրենց միտքն ու գիտելիքը ազգային մեծագույն կապիտալ է ոչ միայն իրենց, այլեւ Հայրենիքի համար, որ իրենք են մեր ազգի հիմնական ներուժը», - ընդգծեց նախարարը:





























