Ախալքալաքի Գավառագիտական թանգարանում տեղի է ունեցել գորգերի, Հայաստանի տարբեր մարզերի հայկական ազգային տարազների եւ հայկական հնագույն նախշերով արծաթյա զարդերի ցուցահանդես-վաճառք, հաղորդում է jnews.ge-ն: 

Ներկայացված էին  Լիլիթ Մելիքյանի Հայաստանի տարբեր մարզերի հայկական հնագույն ազգային տարազների հավաքածուն, այլ աշխատանքներ «Տերյան» մշակութային կենտրոնից, ասեղնագործուհի Արփի Ավդալյանի աշխատանքները եւ Տաթեւ Հովակիմյանի պատրաստած արծաթյա զարդերը:

Վարպետների եւ ձեռագործների խումբը Ախալցխայում մասնակցել է «Ռաբաթ» գորգերի միջազգային փառատոնին եւ Միտրոպոլիտ Նիկոլոզի հրավերով այցելել Ախալքալաք: Նրանք արդեն երկրորդ տարին է մասնակցում են գորգերի միջազգային փառատոնին, իսկ Ախալքալաքում ցուցադրվում են առաջին անգամ:

Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդական փոխանորդ, վարդապետ Բաբկեն Սալբիյանը շնորհակալություն է հայտնել Միտրոպոլիտ Նիկոլոզին, որ նա հնարավորություն է տվել ախալքալաքցիներին տեսնել հին գորգերի այս հավաքածուն եւ հայկական ազգային տարազները:

«Մենք միշտ ցանկացել ենք ունենալ հին հայկական գորգերի եւ Հայաստանի տարբեր մարզերի ազգային տարազների նման ցուցահանդես: Նման միջոցառումները միշտ տեղի են ունենում մեծ քաղաքներում, եւ մեր ժողովուրդը հեռու է մնում նման միջոցառումներից: Շնորհակալություն նաեւ Տաթեւ Մուրադյանին, ով համաձայնեց ցուցադրվել նաեւ Ախալքալաքում», – ասել է Բաբկեն Սալբիյանը:

Տաթեւ Հովակիմյանը ներկայացրել է  հայկական ճարտարապետության զարդանախշերով արծաթյա զարդեր, որը պատրաստել է իր ձեռքերով:

«Բոլոր զարդանախշերը վերցված են հնագույն եկեղեցիներից: Ես աշխատում եմ Ուրարտական ոճով եւ փորձում եմ պահպանել արծաթագործության հին ավանդույթները», – նշել է Տաթեւ Հովակիմյանը:

Արփի Ավդալյանը ներկայացրել է ասեղնագործ աշխատանքները, որոնցից յուրաքանչյուրը եզակի է:

«Ասեղնագործված հնագույն զարդանախշերը ես տեղադրում եմ արծաթյա շրջանակներում, դրանք կարելի է օգտագործել», – ասել է Արփի Ավդալյանը:

Տաթեւ Մուրադյանը, ով ներկայացնում է «Հանգույց» ժողովրդական մշակույթի հիմնադրամը եւ «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցը, ասել է, որ «Տերյան» կենտրոնն ունի Ջավախքի եւ Ախալցխայի շատ տարազներ, եւ նրանք նորից կգան Ախալքալաք ցուցադրելու Ջավախքի տարազները:

«Ես կխոսեմ «Տերյան» կենտրոնի տնօրենի հետ, եւ մենք անպայման կցուցադրենք այստեղ Ջավախքի տարազները: Մենք պարզապես չգիտեինք, թե գալու ենք Ախալքալաք: Արդեն գտել ենք կապեր, համագործակցություն եւ պլանավորում ենք մեր ապագա այցը», – ասել է Տաթեւ Մուրադյանը: