Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 4-ին, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դատական սանկցիա կիրառեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի նկատմամբ:

Դատարանը կդիմի Փաստաբանների պալատ փաստաբանին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Ի դեպ, Տաթեւիկ Գրիգորյանն արդեն 3-րդ անգամ է դատական սանկցիա կիրառում Արայիկ Պապիկյանի նկատմամբ:

Նշենք, որ Արայիկ Պապիկյանն այսօր հայտարարեց, որ լքում է նիստերի դահլիճը, քանի որ իր՝ նախորդ նիստին հեռացված պաշտպանն իրեն չի լիազորել մասնակցել նիստին: Դատավորը նախազգուշացրեց Պապիկյանին երեք անգամ նիստերին անընդմեջ չմասնակցելու իրավական հետեւանքների մասին, սակայն Պապիկյանն, այնուամենայնիվ, լքեց դահլիճը: Նշենք, որ նախորդ նիստին դատարանը 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացրել էր Գեւորգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Ներսես Պողոսյանին, Հրայր Թոփչյանին: Նիստերի դահլիճից հեռացված է նաեւ Գալուստ Գրիգորյանը:

Նիստին ներկա են միայն ամբաստանյալներ Սասունիկ Կիրակոսյանը եւ Հովհաննես Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

Այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: