Հաշմանդամային սպորտի զարգացման նոր մեկնարկը ՀՀ ԱԻՆ-ում տրված է. առաջնային նպատակ ունենալով աղետների նվազեցումն ու կանխարգելումը՝ ՀՀ ԱԻ նախարարությունը մեծ կարեւորություն է տալիս նաեւ առողջ ապրելակերպին եւ սպորտին:

Հաշմանդամների հանրապետական 15-րդ մարզական փառատոնին մասնակցություն ունեցած համակարգի 9 հաշմանդամ աշխատակցի պարգեւատրման ժամանակ  ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր, որ շատ շուտով ԱԻ նախարարությունը կունենա «Արտակարգ սպորտային ակումբ», որը կնպաստի նորանոր հաղթանակների ձեռքբերմանը:

Այսօր արդեն արված են առաջին լուրջ քայլերը՝ հաշմանդամային սպորտի ակտիվացման ուղղությամբ: Հաշմանդամների բասկետբոլի թիմը, որի կազմում են նաեւ ԱԻՆ 8 աշխատակիցներ այսուհետ հնարավորություն կունենա պարբերաբար մարզվել եւ լիարժեք պատրաստ լինել՝ միջազգային հարթակներում երկրի պատիվը բարձր պահելու համար:

ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Սեւակ Մխիթարյանը, ով նաեւ թիմի ավագն է, նշում է. «Անվասայլակով բասկետբոլի մեր «ԱՐՏԱԿԱՐԳ» թիմը հնարավորություն ունի շաբաթը երկու անգամ մարզվել Պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում գտնվող նախկին «ՄԻԿԱ» մարզահամալիրում: Հավատով ենք, որ մարզիչ Հարություն Եսայանի ղեկավարությամբ եւ կանոնավոր մարզուների դեպքում մենք կկարողանանք մասնակցել արտերկրում կազմակերպվող մրցումներին»:

Ս. Մխիթարյանը նշում է, որ նախարար Դ. Տոնոյանի խոսքը շատ արագ գործով հաստատվեց, ինչը եւս ոգեւորիչ է: Առաջիկայում նաեւ նախատեսվում է ձեռքբերել բասկետբոլի համար նախատեսված հատուկ սայլակներ եւ անհրաժեշտ գույք:

2012թ.-ից ՀՀ ԱԻ նախարարությունում աշխատանքի են ընդունվել երեք տասնյակից ավել սայլակավոր հաշմանդամներ, ովքեր այսօր համակարգի մեծ ընտանիքի լիիրավ անդամն են: Նախարարությունում ստեղծված են բոլոր պայմանները հաշմանդամություն ունեցող աշխատակիցների ազատ տեղաշարժման եւ աշխատանքի կազմակերպման համար, իսկ երկրորդ մասնաշենքում տեղադրված վերելակը հնարավորություն է տալիս սայլակավոր հաշմանդամ աշխատակիցներին օգտվել նաեւ մարզադահլիճից՝ պահպանելով ամենօրյա մարզումների գրաֆիկը:

ՀՀ ԱԻՆ հաշմանդամություն ունեցող աշխատակիցներն ապրում են ակտիվ սպորտային կյանքով՝ լավագույնս դրսեւորելով իրենց եւ նոր արդյունքներ գրանցելով: