«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը թեեւ դեմ է Սեւանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջուր բաց թողնելուն, սակայն կողմ է քվեարկել կառավարության ներկայացրած նախագծին:

«Բաներ կան, որ ուղղակի չես կարող չանել, ես հոգով սրտով դեմ եմ դրան, որ Սեւանից ջուր բաց թողնեն, բայց չես կարող փակես, որ 130 հազար մարդ ոռոգման ջուր չստանա»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Նապոլեոն Ազիզյանը՝ հավելելով, որ կողմ է քվեարկել կառավարության ներկայացրած նախագծին:

«Ջրային տնտեսությունը մեծ ներդրումներ է պահանջում, ինչն էսօր Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի չէ: Կարող է իմ հոգով չի, բայց գյուղացիների համար կողմ եմ քվեարկել»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր ավելի վաղ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սեւանից հավելյալ 100 միլիոն խմ ջուր բացթողնելու օրինագիծը: Կողմ քվեարկեցին ՀՀԿ, «Ծառուկյան», ՀՅԴ խմբակցությունների 75 պատգամավորները: Դեմ քվեարկեցին «Ելք» խմբակցության 3 պատգամավորները` Արտակ Զեյնալյանը, Լենա Նազարյանը, Մանե Թանդիլյանը: