Ամուլսարի ոսկու հանքի խնդիրները բավականին լուրջ են եւ ավելի խորը ուսումնասիրման կարիք ունեն, իսկ դրա օգտագործման հետեւանքով վնասն ակնհայտ է: Այս մասին հուլիսի 4-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Նրա խոսքով` Ամուլսարում նաեւ լուրջ ապօրինի գործողություններ են իրականացվում: «Այն ընկերությունը, որը Ամուլսարի վերաբերյալ զեկույց է ներկայացրել, պետք է հրապարակեր նաեւ փորձագիտական ուսումնասիրությունները: Այդ մարդիկ ազնվորեն խոստովանել են, որ ոչ մի գործողություն չեն ձեռնարկել: Ավելին` նրանք 405 հազար դոլար են պահանջում, որից հետո նոր միայն կենսաքիմիական ուսումնասիրություններ կկատարեն»,- պարզաբանեց Մանասերյանը: Տնտեսագետի կարծիքով` սա միայն այն է նշանակում, որ այս ընկերությունը հանքի շահագործման իրավունք է ստացել առանց կոնկրետ ուսումնասիրություններ կատարելու:
Բնության պաշտպանության հայկական ճակատի անդամ Լեւոն Գալստյանն իր հերթին նշեց, որ Lydian International Limited ընկերությունը, որը օֆշորային գոտում է գրանցված, 2005 թվականից շահագործմամբ է զբաղված, եւ առնվազն 5 անգամ իր նախագիծը փոխել է, բազմիցս անցկացրել է հանքի արդյունահանվող պաշարների ծավալների վերագնահատում: «Նախապես ոսկու պաշարը 16,5 տոննա էր գնահատվում: Հետո 54 տոննա դարձավ: Իսկ ներկա պահին խոսք է գնում արդեն 100 տոննայի մասին: Այս ամբողջ գործընթացը միայն մանիպուլյացիաների շղթա է, որը մեզ լուրջ սպառնալիքի առջեւ կկանգնեցնի»,- նշեց բնապահպանը: Նա նաեւ հավելեց, որ այս ընկերությունը նման ծրագրերի իրականացման փորձ չունի: Այդ պատճառով Ամուլսարի հանքին նրանք վերաբերվում են որպես փորձնական վարժարանի:





























