Քաղաքական մեծամասնությունը չի հարգում մարդու իրավունքները եւ դա անում է ցուցադրաբար: Սահմանադրության օրվա առթիվ NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը
«Այսօր նշվում է Սահմանդրության օրը եւ տոնի ընկալում չկա: Հերթական ագամ սա արձանագրում ենք: Եթե իշխանությունները հարգեին մարդու իրավունքները, ինքնին կհարգեին նաեւ Սահմանադրությունը: Իշխանությունը չի հարգում մարդու իրավուքները: Չպետք է ձեւական լինի այն ձեւակերպումը, թե հարգում են Սահմանադրությունը»,- նշել է պատգամավորը:
Թե ինչպիսին է երկրի մայր օրենքի նկատմամբ քաղաքական մեծամասնության վերաբերմունքը, պատգամավորը օրինակներ բերեց հենց օրենսդիր մարմնի նիստերից:
«Եթե որպես քաղաքական գործիչ, պատգամավոր՝ բարձրաձայնում ենք, որ օրենքի նախագիծը բերվում է խորհրդարան սահամանադրական իրավունքի խախտումներով, որ այն հակասում է Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավաություններին, քաղաքական մեծաասնությունն անհաղորդ է մնում մեր այդ հայտարարությանը: Երբ որ վարման կարգի սկզբունքով դիրքորոշում եմ արտահայտում, 1-2 վայրկյան գերազանցելու համար մեծամասնության ներկայացուցիչները ցուցում են տալիս նիստը վարողին, որ ընդհատի խոսքս: Սա խոսում է Սահմանադրության, մարդու իրավունքների նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին, ինչը համատեղելի չէ ժողովրդավարական հասարակության հետ: Քաղաքական մեծամասնությունը չի հարգում մարդու իրավունքները, Սահմանադրությունը եւ դա անում է ցուցադրաբար»:
Իրավապաշտպանը հիշեցրեց նաեւ «Սասնա ծռերի» դատավարության ժամանակ դատարանում արձանագրված դեպքերը, որոնք, նրա խոսքով, դեմարշ էին ժողովրդավարական հասարակարգի դեմ:
Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ եթե այս իշխանությունը ամեն ինչ անի իրավունքի գերակայության համաձայն, պարզապես չի կարողանա հաղթել ընտրություններում եւ ձեւավորել իշխանություն:
«Միգուցե չեն ընտրվի ու դառնա քաղաքական մեծամասնություն, բայց պաշտպանված կլինեն մարդու իրավունքների համընդհանուր հարգանքի պայմաններում եւ պակաս բարեկեցիկ չեն ապրելու»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ Սահմանադրությունը Հայաստանում այն ժամանակ կդառնա տոն, եթե ժողովուրդը հաղթի՝ ընտրությունների միջոցով կարողանա իրականացնել իշխանափոխություն:





























