Երեւանի Նուբարաշեն շրջանում նոր աղբանոց կառուցելու միջազգային մրցույթ կարող են հայտարարել 2017 թվականի սեպտեմբերին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։ Մրցույթում հաղթողը, որը նոր աղբանոց կկառուցի, այն կշահագործի 5 տարի։ 

Ֆինանսավորման ընդհանուր չափը կկազմի 24 մլն եվրո։ 8 մլն եվրո վարկ կհատկացնի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, իսկ եւս 8 մլն եվրոն եվրոպական հարեւանության քաղաքականության ներդրումային դրամաշնորհն է։

Նոր աղբանոցը կգտնվի գործողի կողքին։ Առաջին փուլում նախատեսվում է կառուցել դրա 5 գոտիներից 2-ը։ Դրա համար նախատեսվում է 29 հեկտար օգտագործել՝ գործող 30 հեկտարի կողքին։ Այնտեղ նաեւ հորեր կկառուցվեն՝ աղբից բիոգազն առանձնացնելու նպատակով։

«Այդ գազով էլեկտրակայան կաշխատի։ Ամեն դեպքում, նման ենթադրություն է արել շինարարության գծով խորհրդատուն։ Տեսնենք, թե որքան էլեկտրաէներգիա այն կվերամշակի։ Եթե շատ լինի, ցանցին կմիացնենք»,- նշեց Նիկոյանը։